Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Հայկական Կարմիր խաչը սահմանամերձ Գեղանուշ գյուղի դպրոցը հագեցրել է նոր հնարավորությունով. դպրոցը դեռ գույքային վերազինման կարիք ունի

Հայկական Կարմիր խաչը սահմանամերձ Գեղանուշ գյուղի դպրոցը հագեցրել է նոր 
հնարավորությունով. դպրոցը դեռ գույքային վերազինման կարիք ունի

ԿԱՊԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի սահմանամերձ Գեղանուշ միջնակարգ դպրոցում ներկայումս սովորում է 65 աշակերտ: 1901-1902 թվականներին հիմնադրված դպրոցն այսօր գտնվում է հակառակորդի ուղիղ դիտարկման տակ, գյուղից հեռավորությունն ընդամենը 1.3 կմ է:

Գեղանուշի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց՝ կրթական հաստատությունն ունի գույքային և լաբորատոր սարքավորումների ու նյութերի խնդիր.

«Դպրոցական գույքի խնդիր ունենք՝ սեղանի, նստարանի, պահարանների, նաև լաբորատոր սարքավորումների և նյութերի: Հուսով ենք՝ առաջիկայում Կառավարության ծրագրով ինչպես այլ դպրոցների, այդպես էլ մեր դպրոցին կտրամադրվեն նոր գույքեր և լաբորատոր սարքավորումներ ու նյութեր»:

Գայանե Գրիգորյանը շեշտեց՝ դպրոցում աշխատում է 22 ուսուցիչ, թափուր է միայն «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչի տեղը:

«Մրցույթ է հայտարարվել «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչի թափուր տեղի համար: Հուսով ենք, որ նոր ուսումնական տարում կկարողանանք համալրել այդ թափուր տեղը: Քանի որ մեր գյուղ ուսուցիչների մի մասը Կապան քաղաքից են գալիս, ունենք ուսուցիչներին տեղափոխող մշտական տրանսպորտ»,- հավելեց Գեղանուշի դպրոցի տնօրենն, ով համատեղության կարգով նաև դպրոցի պատմության ուսուցչուհին է:

Դպրոցը համագործակցում է մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, որի արդյունքում կյանքի են կոչվել տարբեր կրթական ծրագրեր: Հաջողված ծրագրերից մեկը «Ժպիտների ակումբ»-ն է: Ծրագիրն իրականացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: «Ժպիտների ակումբ»-ը կահավորված է անհրաժեշտ պարագաներով, հագեցած է գրենական պիտույքներով և ժամանցային խաղերով: Վերապատրաստում անցած ուսուցիչները և կամավորները դասերից հետո աշակերտներին օգնում են կատարել տնային աշխատանքները: Ծրագրի շրջանակներում անցկացվում են ժամանցային, զարգացնող խաղեր և սպորտային միջոցառումներ, կազմակերպվում պատմամշակութային էքսկուրսիաներ:

« Վերջին երկու տարում Հայկական կարմիր խաչի ընկերությունը սերտ համագործակցում է Գեղանուշի միջնակարգ դպրոցի հետ: Ընկերության կողմից հիմնադրվել է «Ժպիտների ակումբ»-ը, որի շրջանակում անցկացվում է դասապատրաստում: «Ժպիտների ակումբ»-ում ընդգրկվել են 1-6 դասարանի բոլոր աշակերտները: Արդյունքը նկատում են ուսուցիչները, քանի որ աշակերտները պատրաստված են գալիս դասին, և իրենց համար ավելի հեշտ է ընթանում դասապրոցեսը»,- ընդգծեց Գրիգորյանը:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ բարձրացվել է նաև դպրոցի ուսուցիչների աշխատավարձի բարելավման խնդիրը: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ գյուղը սահմանամերձ է:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2021 թվականի հուլիս ամսից մեկնարկել է «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ դպրոցների աշակերտների և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված երեխաների համար» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում «Ժպիտների ակումբ» է հիմնվել Տեղի, Գեղանուշի և Սյունիքի միջնակարգ դպրոցներում:

Կարեն Խաչատրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]