Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

«Orion Summit 2022»-ի մասնակից Startup Lithuania-ն հնարավորություն կտա կամուրջներ կառուցել հայկական և լիտվական ստարտափ էկոհամակարգերի միջև

«Orion Summit 2022»-ի մասնակից Startup Lithuania-ն հնարավորություն կտա կամուրջներ 
կառուցել հայկական և լիտվական ստարտափ էկոհամակարգերի միջև

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանում hունիսի 22-ին կայանալիք միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ «Orion Summit 2022»-ին հեռավար կմասնակցի նաև Startup Lithuania-ն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Startup Lithuania-ի օտարերկրյա ստարտափների գծով մենեջեր Ակվիլե Դոբրոմիլսկիտեն նշեց, որ իրենց մասնակցությունը կարող է առիթ լինել հայկական և լիտվական ստարտափ էկոհամակարգերի միջև կամուրջներ կառուցելու համար:

«Թե ինչով Հայաստանը կհետաքրքրի լիտվացի ստարտափներին և ներդրողներին, կարող եմ ասել, որ լսել եմ, որ  հայկական ստարտափ էկոհամակարգը արագորեն զարգանում է, ունի շատ բարձր որակավորում ունեցող տաղանդներ, հատկապես ծրագրավորման, հետազոտության և զարգացման (R&D) ոլորտներում: Քանի որ Լիտվան բաց է համագործակցության համար, մենք կարծում ենք, որ մեր էկոհամակարգերը միմյանց առաջարկելու շատ բան ունեն՝ տաղանդներ, ենթակառուցվածքներ, ստարտափներ, ներդրողներ, ստարտափների հետ աշխատող կազմակերպություններ և այլն»,-նշեց նա։

Startup Lithuania-ն ազգային ստարտափ էկոհամակարգի օժանդակողն է, որը միավորում է Լիտվայի էկոհամակարգի բոլոր խաղացողներին՝ տաղանդներին, ստարտափներին, ներդրողներին, պետական կառույցներին և հենց կառավարությանը մեկ տեղում: Ակվիլե Դոբրոմիլսկիտեի խոսքով՝ Startup Lithuania-ն բաց է նաև արտասահմանյան ստարտափների հետ համագործակցելու և նրանց օգնելու հարցում: 

«Մենք կարծում ենք, որ Լիտվան հայկական ստարտափների համար կարող է կատարյալ մուտք լինել դեպի Եվրոպա: Մեր ստարտափները կարող են հետաքրքիր լինել հայ ներդրողների համար: Կարծում եմ, որ Լիտվան չպետք է անտեսվի հայ ստարտափ էկոհամակարգի խաղացողների կողմից»,- ընդգծեց Դոբրոմիլսկիտեն։

Վերջինիս խոսքով՝ գագաթնաժողովին մասնակցելով նպատակ ունեն Հայաստանի ՏՏ համայնքին ծանոթացնել Լիտվայի ստարտափ էկոհամակարգին, ներկայացնել իրենց ստարտափ վիզայի ծրագիրը, որը հատուկ ստեղծված է ստարտափ հիմնադիրների համար, ովքեր մտածում են դեպի Եվրոպա ընդլայնվելու մասին: Նաև նպատակ ունեն կամուրջներ կառուցել երկու էկոհամակարգերի միջև: 

«Խոսելով ՏՏ և զբոսաշրջության ուղղություններով համագործակցության հնարավորությունների մասին՝ կասեմ, որ տեսնում եմ բազմաթիվ հնարավորություններ երկու կողմերի համար։ Մեր ստարտափը միշտ տաղանդների որոնման մեջ է։ Կարծում եմ, որ Լիտվայի ստարտափները նույնպես շահագրգռված կլինեն ընդլայնել աշխատելու հնարավորությունները ոչ միայն Լիտվայում, այլ նաև օտար երկրներում, այդ թվում՝ Հայաստանում»,- առանձնացրեց Ակվիլե Դոբրոմիլսկիտեն։

Ակվիլե Դոբրոմիլսկիտեն հորդորեց հայկական ստարտափներին եվրոպական շուկա մուտք գործելիս չշրջանցել Լիտվան:  

10X Immersive կազմակերպության համահիմնադիր Դավիթ Զարգարյանի խոսքով՝ իրենց հայկական տեխնոլոգիական կազմակերպությունը վաճառքի համար փնտրում էր շուկա, այդ թվում նաև Եվրոպայում: Startup Lithuania-ն օգնել է նրանց այդ հարցում: 

«Որպեսզի կարողանայինք Եվրոպայում գործունեություն ծավալել, պետք է կազմակերպություն հիմնեինք: Օգտվեցինք Startup Lithuania-ի ստարտափ վիզայի ծրագրից, որը հատուկ ստեղծված է ստարտափ հիմնադիրների համար: Այնտեղ կարողացանք ընկերություն բացել, ու մեզ օգնեցին ամեն ինչով»,- ասաց Զարգարյանը:

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թվականին ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

Կարինե Տերտերյան 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]