Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակության անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 
պատվիրակության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:

Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքն է հայտնել ԵՀԽ-ին 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին ցուցաբերած զորակցության համար:

Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին ներկայացրել է հետպատերազմյան ծանր ու դժվարին իրավիճակը Հայաստանում և Արցախում՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ կհաղթահարի իր առջև ծառացած բոլոր մարտահրավերները։

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վերջինիս վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային-կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին՝ այս առնչությամբ կարևոր նկատելով միջազգային համապատասխան ատյանների և միջեկեղեցական տարբեր կառույցների կողմից Ադրբեջանի որդեգրած քաղաքականության խստագույն դատապարտումն ու կանխարգելումը։

Հանդիպմանը կաթողիկոսը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին արցախահայության անվտանգ և խաղաղ կյանքի ապահովմանը, գերիների վերադարձման խնդրին, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, հայկական հոգևոր արժեքների պահպանությանը և այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am