Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Վանուատուի խորհրդարանը երկրում կլիմայական արտակարգ դրություն է հայտարարել

Վանուատուի խորհրդարանը երկրում կլիմայական արտակարգ դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանուատուի խորհրդարանը գլոբալ տաքացման հետևանքով երկրում արտակարգ կլիմայական իրադրության մասին բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Radio New Zealand-ը՝ նշելով, որ Վանուատուի Հանրապետությունը դարձել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին կղզի-պետությունը, որը նման որոշում է ընդունել:

Վանուատուի Հանրապետությունը համարվում է գլոբալ տաքացման հետևանքով ամենաշատը տուժող երկրներից: Գիտնականների կանխատեսումներով՝ արդեն 2030 թվականին կղզեխմբի շրջանում միջին ջերմաստիճանն ամեն տարի կավելանա 1 աստիճանով, ծովի մակարդակը տասնամյակի վերջում կբարձրանա 18 սանտիմետրով, իսկ մինչև հարյուրամյակի վերջը կղզի-պետության ամբողջ տարածքը կանցնի ջրի տակ:

Խորհրդարանի ընդունած բանաձևում ասվում է, որ «գոյություն ունի արտակարգ կլիմայական իրադրություն, որը սպառնալիքի տակ է դնում Վանուատուի Հանրապետության մարդկանց ու բնության գոյությունը»: «Կլիմայի փոփոխությունն ու դրա հետևանքներն արդեն հիմա սպառնում են երկրի ներկայիս բնակիչների ու նրա ապագա սերունդների կյանքին»,- ասվում է փաստաթղթում:

Վանուատուի վարչապետ Բոբ Լոմանի խոսքով՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները «չեն կարող գոյատևել, եթե հարուստ երկրների կորպորացիաներն ու կառավարությունները շարունակեն իրենց շահույթը գնահատել ավելի, քան մարդկանց կյանքն ու մոլորակի բարեկեցությունը»։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]