Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Վարշավայի ֆոնդային բորսայի փորձը ՀՀ կապիտալի շուկայի զարգացման համար մեծ հնարավորություն է. Քերոբյան

Վարշավայի ֆոնդային բորսայի փորձը ՀՀ կապիտալի շուկայի զարգացման համար մեծ 
հնարավորություն է. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի զգալի մասի ձեռքբերումը դրական է գնահատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Քերոբյանը նշեց, որ Վարշավայի ֆոնդային բորսան Արևելյան Եվրոպայի ամենաակտիվ ու ամենակայացած բորսաներից է:

«Իրենց փորձի ներդրումը հայկական կապիտալի շուկայում անգերագնահատելի է: Կարծում ենք, որ նրանց գալը մեծ օգուտ կտա մեր կապիտալի շուկայի զարգացմանը: Մենք արդեն տեսնում ենք մասնավոր ընկերությունների կողմից զգալի հետաքրքրություն կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ»,-ասաց Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ մինչև 2018 թվականը Հայաստանում մատերի վրա կարելի էր հաշվել ոչ ֆինանսական սեկտորի ընկերությունների, որոնք աշխատում են թափանցիկ և եկամտաբեր: Ընդունված բիզնես մոդելը մինչև հեղափոխությունը հարկերը խնայելու միջոցով եկամուտներ գեներացնելն էր: 2018-ից ընկերությունները, թափանցիկ աշխատելով, շահութաբեր աշխատելու լայն հնարավորություններ ունեն:

«Չեմ կարող ասել, որ ամբողջովին դարձել է թափանցիկ, բայց մենք տեսնում ենք, որ այն ընկերությունների քանակը, որոնք պատշաճ աուդիտ են անցնում, էապես մեծանում է: Դա հենց այն ընկերությունների բազան է, որոնք պետք է լինեն կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցները»,-ասաց նախարարը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Առկա պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը Հայաստանի ֆոնդային բորսայի սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]