Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային 
անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Ըստ աղբյուրի՝ միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]