Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սլովենիայում և Չեխիայում հայտնաբերվել են կապիկի ծաղիկ վարակի դեպքեր

Սլովենիայում և Չեխիայում հայտնաբերվել են կապիկի ծաղիկ վարակի դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայում և Չեխիայում մայիսի 24-ին հայտարարել են կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքերի հայտնաբերման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցներին։

Սլովենիայում վիրուսը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս է վերադարձել Կանարյան կղզիներից։ Ունի միջին ծանրության ախտանշաններ, չի հոսպիտալացվել։

Սլովենիայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները կարծում են, որ կապիկի ծաղիկի տարածումը երկրում կարելի է արագ կասեցնել, բայց միևնույն ժամանակ նրանք կոչ են արել բոլորին, ովքեր շփվել են վարակվածի հետ, անցնել 21-օրյա կարանտինի։

Չեխիայում վիրուսը հայտնաբերվել է Պրահայում։ Հիվանդը բուժվում է Չեխիայի մայրաքաղաքի զինվորական հոսպիտալում, այս դեպքի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր կապիկի ծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերման մասին։ Հիվանդության հայտնաբերման թոփ 3 երկրների թվում են Պորտուգալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան (21-ից 30 դեպք)։ Վարակվածներ են հայտնաբերվել նաև Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում, Իսրայելում և ԱՄՆ-ում:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am