Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Տիկնիկային թատրոնն առաջիկայում կմասնակցի միջազգային մի շարք փառատոնների

Տիկնիկային թատրոնն առաջիկայում կմասնակցի միջազգային մի շարք փառատոնների

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, որը մշտապես ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, առաջիկայում կմասնակցի միջազգային փառատոնների, հանդես կգա առաջնախաղերով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար  Ռուբեն Բաբայանն ասաց, որ մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի «Ռադուգա» միջազգային թատերական փառատոնին ներկայացնելու են «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրությունը, որի ռեժիսորն ինքն է:

«Փառատոնին մասնակցել ենք մի քանի տարի առաջ՝ ներկայացնելով Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» և «Դզին» մոնոներկայացումները: Նշեմ, որ մեկնելու ենք նաև Թբիլիսի՝ հունիսի 4-7-ը մասնակցելու փառատոնի, որտեղ ցուցադրելու ենք Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոսը» և Սամսոն Մովսեսյանի «Մատնաչափիկը» մանկական ներկայացումները, իսկ հունիսի 14-ին մեկնում ենք ԱՄՆ, որտեղ խաղալու ենք Հովհաննես Թումանյանի «Գելը» և «Քրիստոֆեր» ներկայացումները, որոնք բեմադրել է Սամսոն Մովսեսյանը: Շատ հավանական է, որ «Կոկորդիլոսը» ներկայացնենք նաև Իրանում»,- տեղեկացրեց Բաբայանը:

Խոսելով նոր ներկայացումների մասին՝ նա հիշեցրեց՝ արդեն խաղացանկում է ռեժիսոր Հրաչ Գյումբալյանի «Լարովի նարինջ» մեծահասակների համար բեմադրությունը: Առաջիկայում բեմ են բարձրացնելու «Կարմիր գլխարկը», «Հարրի Փոթեր», «Սյունեցի Գոռը» տիկնիկային ներկայացումները: Նախատեսվում է 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի վիպակների հիման վրա ներկայացում բեմադրել: Կլինի բեմադրություն Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններից» «Մոցարտ և Սալիերի» գործի հիման վրա:

Վերադառնալով «Կոկորդիլոսը» մոնոներկայացմանը, որը 2022-ին «Լավագույն մանկական ներկայացում» համարվեց «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը՝ Ռուբեն Բաբայանն ասաց, որ և՛ բեմադրիչը, և՛ դերակատարն Աղասի Մելքոնյանն է: «Աղասին այդ բեմադրությամբ լրացրեց մի բաց, որը կար. մենք չունեինք տիկնիկային մոնոներկայացում: Արտասահմանում շատ են նման բեմադրությունները, բայց մեզ մոտ առաջինն է, որը շատ հաջողված է»,-հավաստիացրեց Բաբայանը:

Անժելա Համբարձումյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]