Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Շնչող արվեստ» նախագիծը կենդանություն կհաղորդի հայկական արվեստի գլուխգործոցներին

ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Շնչող արվեստ» նախագիծը կենդանություն 
կհաղորդի հայկական արվեստի գլուխգործոցներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Շնչող արվեստ» նախագիծը մի քանի վայրերում կենդանություն կհաղորդի հայկական արվեստի գլուխգործոցներին՝ դրանց մատուցման ընթացքում ներառելով տեսողական ու կատարողական արվեստների տարրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից, նշելով, որ այդօրինակ առաջին նախագիծը 2018թ․ Հայաստանում իրականացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն,  ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանը։

ԱՄՆ կատարած ճանաչողական այցի ընթացքում Վահան Բադալյանը առիթ էր ունեցել դիտարկել  կատարողական արվեստները երիտասարդների շրջանում հետաքրքրություն ու ներգրավվածություն առաջացնելու նպատակով կիրառելու ամերիկյան փորձը։  Նա հուսով է, որ «Շնչող արվեստ» նախագիծը կօգնի թանգարանների այցելուներին տեսնել հայկական արվեստը մի նոր ու ուշագրավ լույսի ներքո։

Այս տարի թանգարանների այցելուներն ու արվեստասերներն առիթ կունենան ներկայացում-ինստալյացիաների միջոցով նոր գեղարվեստական մատուցմամբ վայելել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի, Փարաջանովի տուն-թանգարանի և Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարանի մի շարք հայտնի գործեր ու ցուցադրություններ։

«2018թ․ այս նախագիծը հանրության կողմից շատ լավ ընդունվեց, և հաշվի առնելով դա՝ որոշեցինք Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ շարունակել համագործակցությունը՝ ուղղված թանգարանային հարուստ հա­վաքածուների հանրահռչակմանը և արժևորմանը հանրության շրջանում։ Այս տարի կրկին արվեստասերներին քաջ հայտնի գործերը կհրամցվեն նոր գեղարվեստական մատուցմամբ և մեկնաբանությամբ», - ասել է Վահան Բադալյանը։

«Շնչող արվեստ» 2-րդ նախագծի շրջանակում արվեստասերներին նորովի ներկայանալու համար մայիսի 21-ին, 25-ին և 29-ին  իրենց դռները կբացեն երեք թանգարան։ Նախատեսվում են 3-7 րոպե տևողությամբ ներկայացում-ինստալյացիաներ, որոնք միջոցառման ողջ ընթացքում պարբերաբար կկրկնվեն։

Մասնակից թանգարաններում «Շնչող արվեստ» միջոցառումների մուտքն ազատ է։

Միջոցառումների ցանկը ստորև.

մայիսի 21-ին ժամը 18:00-20:00, Սիրահարների այգի

մայիսի 25-ին ժամը 18:00-20:00, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան 

մայիսի 29-ին ժամը 15:00-18:00, Ձիթողցոնց տուն-թանգարան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]