Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Կարևորը թիմային ոգին է, որ կա բռնցքամարտի հավաքականում. Կարեն Գիլոյան  

Կարևորը թիմային ոգին է, որ կա բռնցքամարտի հավաքականում. Կարեն Գիլոյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ սպասելիքներ ունի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից:

«Մենք ունենք շատ զորեղ բռնցքամարտիկներով հագեցած թիմ: Ներկայացված ենք լինելու բոլոր 13 կգ քաշային կարգերում, և մեր բոլոր ուժեղագույն մարզիկներն այս թիմում կան: Շնորհակալ եմ տղաներին ամբողջովին նվիրվելու և նախապատրաստվելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը: Վերջինս առանձնացրեց, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը որոշում կայացրեց մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որը լրջագույն որոշում էր իր համար՝ հաշվի առնելով այն, որ ինքը մենամարտեր է անցկացնում պրոֆեսիոնալ ռինգում ևս:

«Կարևորը թիմային ոգին է, որ հիմա կա բռնցքամարտի հավաքականում: Նախապատրաստական աշխատանքների 90 տոկոսն արված է: Մարզահամերգային համալիրը շատ լավ տեսքի է բերված, նորոգման աշխատանքներ են կատարվել: Շատ գեղեցիկ բացման արարողություն է լինելու, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով»,-ասաց նախարարի տեղակալը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ: Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]