Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Հայի տոկունության մասին. Դավիթ Սաֆարյանը «Հեքիաթ. Սարյան» ֆիլմով մեծ նկարչին նորովի բացահայտելու փորձ է արել

Հայի տոկունության մասին. Դավիթ Սաֆարյանը «Հեքիաթ. Սարյան» ֆիլմով մեծ 
նկարչին նորովի բացահայտելու փորձ է արել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի մասին պատմող «Հեքիաթ. Սարյան» ֆիլմով կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանն անդրադառնալու է վարպետի մանկությանը, պատանեկությանն ու հասուն շրջանին: Կինոնկարը բացառիկ ստեղծագործողի մասին է, որը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ ու հասել փառքի: Ըստ Սաֆարյանի՝ Մարտիրոս Սարյանը եզակի նկարիչ է, սակայն բավարար չափով ճանաչված չէ աշխարհում։ Ֆիլմի նպատակներից մեկն էլ Սարյանի համաշխարհային հանրահռչակմանը նպաստելն է:

Սարյանի մահվան 50-րդ տարելիցին «Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է Դավիթ Սաֆարյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ փուլում է կինոնախագիծը և ինչ հեռանկարներ այն ունի:

Դավիթ Սաֆարյանի խոսքով՝ Սարյանն այն մեծություններից է, որի մասին ավելի ճիշտ է ասել՝ ոչ թե մահացավ, այլ գնաց հավերժություն: «Սարյանն ամենամեծերից է: Նա այն հազվադեպ հանդիպող նկարիչներից է, որոնք հիմնովին փոխել են պատկերացումը կերպարվեստի մասին: Նման ստեղծագործողներին մատների վրա կարելի է հաշվել: Մինչև Սարյանը նրա պես չեն նկարել»,- շեշտում է ռեժիսորն ու հավելում՝ Մարտիրոս Սարյանը բարձր մարդկային հատկանիշներով օժտված, ծայրաստիճան բարի և խորը անձնավորություն է եղել, կյանքում ունեցել է շատ դառը, մութ օրեր, բայց մարդկանց նվիրել է միայն լույս, գույն ու հեքիաթ:

Դավիթ Սաֆարյանը «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի սցենարն ավարտել է 2020-ին, երբ նշվում էր նկարչի 140-ամյակը: Այդ ժամանակ մեզ հետ հարցազրույցում Սաֆարյանն ասել էր՝ մինչև Սարյանի 150-ամյակը 10 տարի կա, և այդ ընթացքում պետք է անել ամեն բան, որ աշխարհն իսկապես ճանաչի Սարյանին:

Սաֆարյանը նշում է, որ մտադիր էր ֆիլմն ավարտին հասցնել 2022-ին: «Հայաստանում մասնակի պետական աջակցություն ստանալուց հետո արդեն ներկայացրել էի ֆիլմի ծրագիրը Բեռլինի կինոփառատոնի եվրոպական կինոշուկայում, պայմանավորվածություններ ձեռք բերել արտասահմանյան մի քանի կինոարտադրողների հետ, արդեն ծրագրված էին ուղևորություններ Իտալիա, Ֆրանսիա, Եգիպտոս՝ նկարահանման վայրերը ճշտելու և այդ երկրներում համագործակիցների հետ վերջնական պայմանագրերը կնքելու նպատակով, երբ… Երբ բոլորս գիտենք, թե ինչ կատարվեց աշխարհում, թե ինչպես փակվեցին բոլոր սահմանները։ Այնպես որ, շատ բան նոր սկիզբ պիտի ունենա։ Այնուամենայնիվ, չնայած ծագած խնդիրներին, ֆիլմի աշխատանքները դանդաղել, բայց չեն դադարեցվել։ Մի քանի կարևոր դիրքեր զարգացում են ապրել. ճշտվել են որոշ դերակատարներ, սակայն մինչ վերջնական, ամբողջական լուծումն այս կարևորագույն կետի անուններ տալ չէի ուզենա»,-ասում է ռեժիսորը:

Ֆիլմի նկարահանումները, ինչպես արդեն պարզ դարձավ, պետք է իրականացվեն տարբեր երկրներում։ Սարյանի կենսագրությունը հարուստ է. նա ապրել, ստեղծագործել և ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում։ Սաֆարյանը շեշտում է՝ բացի Իտալիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, տեսարաններ կնկարահանվեն Ռուսաստանում, Պարսկաստանում, Չեխիայում։ «Սցենարում կա նաև նկարչի երազը, որի դրվագները նկարահանվելու են Չինաստանում, Ճապոնիայում և Հնդկաստանում՝ երկրներում, որտեղ Սարյանն իրականում չի եղել, բայց ծրագրել ու շատ է ուզել այցելել։ Ուզել է տեղում ուսումնասիրել այդ երկրների բազմադարյա արվեստը: Այս ամենի հետ մեկտեղ, և սա կարևոր հանգամանք է, ուզում եմ նշել, որ ֆիլմը ավանդական կենսագրական կինոնկար չի լինելու: Այն, ինչպես տարբեր առիթներով արդեն ասել եմ, ուղղակի լինելու է նկարչի մասին, մեր կյանքում նկարչի տեղի մասին՝ հիմնված Մարտիրոս Սարյանի կյանքի դրվագների, նրա մտորումների, հուշերի վրա։ Եվ հիմնական նպատակի մասին. այս ֆիլմը մեր մի շատ կարևոր հատկության հաստատումը պիտի հանդիսանա. այն մեր տոկունության մասին է լինելու։ Այդ մասին են նաև իմ մյուս ֆիլմերը, և «Հեքիաթ. Սարյան»-ը, վերջ ի վերջո, կազմելու է եռապատում իմ «Կորսված դրախտ» և «28:94, տեղական ժամանակ» ֆիլմերի հետ, որոնց միասնական է դարձնում հենց մեր ժողովրդի տոկունության թեման»,- ընդգծում է Սաֆարյանը:

Վերադառնալով Մարտիրոս Սարյանի արվեստին՝ ռեժիսորն ասում է՝ հանդիպելով Սարյանի կտավներին՝ հուզվում ես, փշաքաղվում, ջերմություն ես զգում, հետո նոր սկսում հասկանալ: «Հուզումն ապրում ես, որովհետև Սարյանը շատ լավ է իմացել, թե ինչ և ինչպես է անում նկար ստեղծելիս։ Նաև նկարում եմ, ուստի կտավը դիտելիս ուշադրություն եմ դարձնում, թե ինչպես է դրվել ներկը: Ամեն նայելիս ավելի խորն ես հասկանում Սարյանին ու ընկալում նրա արվեստը, տեսնում, որ այդ հրաշքը հանճարի ձեռքով է ստեղծված»,-եզրափակում է Դավիթ Սաֆարյանը:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]menpress.am