Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գավառի պետթատրոնում անցկացվեց կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառում

Գավառի պետթատրոնում անցկացվեց կանանց իրավունքների պաշտպանությանը 
նվիրված  միջոցառում

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալել էր «Ես կին եմ» խորագրով միջոցառումը՝ «ՕքսԵՋեն հիմնադրամ»-ի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «ՕքսԵՋեն հիմնադրամ»-ի ծրագրի պատասխանատու Գայանե Աբովյանը, Հայաստանի մարզերում անցկացվող միջոցառումների շարքը նպատակ ունի՝ նպաստել կանանց իրավազորմանը, Հայաստանում խտրական սոցիալական նորմերի եւ վնասակար գործելակերպերի հաղթահարմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանը։

Միջոցառման ընթացքում «Թատրոնթատերախումբը ներկայացրեց «Ես կին եմ» բեմականացումը։ Հերոսները տարբեր բնավորություններով, սոցիալական տարբեր հենք ունեցող երեք կանայք են, որոնք, ենթարկվելով բռնության եւ հայտնվելով ծայրահեղ իրավիճակում, հարկադրված են եղել դիմել ծայրահեղ քայլերի։

«Շատ հաճախ մարդիկ խուսափում են այս խնդիրները բարձրաձայնելուց՝ մտածելով, որ միևնույն է՝ բան չի փոխվելու։ Բայց երևույթը կա, կա յուրաքանչյուրիս շրջապատում, եւ բոլորս՝ թե՛ որպես հասարակություն, թե՛ որպես անհատներ՝ ամենքս մեր տեղում, ունենք անելիք, որ այս երևույթները մեր հասարակությունից արմատախիլ արվեն։ Մենք փորձում ենք արվեստի միջոցով բարձրաձայնել նմանատիպ խնդիրների մասին»,- բացման խոսքում նշեց  Գայանե Աբովյանը։

«Երեք պատմությունն էլ իրական են, երեքի հետ էլ առնչվել եմ, ու ցավոք այս պատմությունները եզակի չեն»,- նշեց հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, որը վարում էր ներկայացմանը հաջորդող քննարկումը դերասանների եւ հանդիսատեսի մասնակցությամբ եւ ներկաներին խնդրեց՝ կիսվել մտքերով, զգացողություններով եւ առաջարկներով։

«Մենք շատ ենք առնչվում նմանատիպ դեպքերի, եւ զարմանում եմ՝ ինչպես են կարողանում եւ հարմարվում ապրել այդպիսի իրավիճակում։ Մենք համարձակ չենք, որ չթողնենք խնդիրը դառնա անլուծելի»,- քննարկման ընթացքում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Սեդա Խաչատրյանը։

Բեմադրության ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է։ Դերերում էին Մարիանա Եղիազարյանը, Ժաննա Հովակիմյանը, Ելենա Կասիմյանը։

Առաջիկայում միջոցառումներ են նախատեսվում նաև Գյումրի, Վայք և Վանաձոր քաղաքներում։

Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am