Քաղաքականություն

Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է նման հանցագործությունները կանխելու համար. Հունաստանի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

2 րոպեի ընթերցում

Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է նման հանցագործությունները կանխելու համար. Հունաստանի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես փոխանցում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Միցոտակիսն իր ուղերձում նշել է.

«107 տարի է անցել Հայոց Ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունն են: Հայոց ցեղասպանությունն իրագործվեց երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով. այն ճանաչել ու դատապարտել են աշխարհի երեք տասնյակ պետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում