Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ պետդեպն ադրբեջանական զորքերի տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է որակել

ԱՄՆ պետդեպն ադրբեջանական զորքերի տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է 
որակել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը:

«Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը սերտորեն հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և վերահաստատել այն, ինչ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. այն է՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու ինտենսիվացնեն դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրների համար: «Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես պետք է օգտագործեն ուղիղ հաղորդակցության ուղիները՝ անհապաղ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը»,- նշել է Փորթերը:

Նա հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է խորապես հանձնառու լինել՝ աշխատելու կողմերի հետ՝ հանուն հակամարտության տևական քաղաքական կարգավորման:

Մարտի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ ՀՀ ԱԳՆ-ից փաստի առնչությամբ հայտնել են, որ Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am