Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նախարարությունն առաջարկում է ժամանակավոր անաշխատունակության նպաստին առնչվող նոր կարգավորումներ

Նախարարությունն առաջարկում է ժամանակավոր անաշխատունակության նպաստին 
առնչվող նոր կարգավորումներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստի տրամադրման ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ վերանայման հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ներկայացնելով «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծի նպատակն է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների կարգավորումն է։

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝  վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը: Գործող կարգավորումներով ժամանակավոր անաշխատունակությունը առնչվում է հաշմանդամության սահմանման հետ, սակայն իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ հաշմանդամությունը սահմանվում է ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է։ Լինում են դեպքեր, երբ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայությամբ, այլ օրինակ ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման դեպքում, երբ կարող է անաշխատունակության թերթիկ չտրվել, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումը հանգեցնի հաշմանդամության ճանաչման։ Այսինքն՝ հաշմանդամությունը կարող է սահմանվել նաև անաշխատունակության ժամանակահատվածում, իսկ անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ եթե անձը վարձու աշխատող է և առողջության հետ կապված դեպք է տեղի ունեցել, վերջինս պետք է փորձաքննվի հաշմանդամության խումբ ձեռք բերելու համարանձը պետք երեք ամիս չաշխատի, գտնվի անաշխատունակության մեջ, որից հետո կարող է դիմել հաշմանդամության խմբում ընդգրկվելու համար սոցիալական փորձաքննություն անցնելու համար։

«Օրենքի գործող կարգավորումներով հաշմանդամություն սահմանելուց հետո անաշխատունակության թերթիկ և, հետևաբար, նպաստ չի տրամադրվում, անաշխատունակության թերթիկը չի երկարաձգվում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության տրման ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ վերանայման հետ։ Սրանով ֆիքսում ենք, որ անաշխատունակության մեջ գտնվելը և նպաստ ստանալը գործատուից չի կապվում այլևս հաշմանդամության խումբ ձեռք բերելու բժշկասոցիալական փորձաքննության գործընթացների հետ»,- եզրափակեց Խաչատրյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am