Համաեվրոպական շուկայում կարճաժամկետ վարկեր տրամադրող առաջատար ընկերությունը տեխնոլոգիական կենտրոն է բացել Երևանում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաեվրոպական շուկայում անշարժ գույքով ապահովված կարճաժամկետ վարկեր տրամադրող EstateGuru ընկերությունը տեխնոլոգիական կենտրոն է բացել Երևանում։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ տեխնոլոգիական մասնաճյուղի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Էստոնիայից ժամանած՝ EstateGuru-ի համահիմնադիր և նախագահ Մարեկ Պարտելը, EstateGuru-ի տեխնիկական ղեկավար Արարատ Յուզբաշյանը:
Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց , որ հայկական ՏՏ ոլորտը բավականին պահանջված է միջազգային ներդրողների կողմից։ Ոլորտը մրցունակ է, որի ապացույցն է տեխնոլոգիական կենտրոնի բացումը։
«Հայացք ուղղելով ներկայիս միջավայրին՝ տեսանելի է, որ Հայաստանը ուշադրության կենտրոնում է պահում բարձր տեխնոլոգիաների բնագավառը՝ որպես հնարավորությունների ստեղծման աղբյուր։ Ողջունելի է տեսնել՝ ինչպես են միջազգային տեխնոլոգիական ընկերությունները ամրապնդվում Հայաստանում և դառնում ծաղկող հայկական ՏՏ էկոհամակարգի մաս»,- նշեց Քերոբյանը։
Վերջինս առանձնացրեց, որ չնայած 2021 թվականի ընթացքում դիմագրաված մարտահրավերներին՝ Հայաստանի տեխնոլոգիական և ստարտափ ինդուստրիան աճ է գրանցում։ Նա վստահեցրեց, որ մասնաճյուղի բացումը հայ ծրագրավորողներին տալիս է հնարավորություն խոշոր միջազգային ընկերության մասը դառնալ։ Ծրագրավորողները շուկայում կդառնան մրցունակ, կլայնացնեն իրենց տեսահորիզոնը, որը կստիպի նրանց ոլորտում ավելացնել իրենց մրցունակությունը։
EstateGuru-ի համահիմնադիր և նախագահ Մարեկ Պարտելը նշեց, որ Հայաստանում նկատել է արդյունաբերության ծաղկում, որն էլ դրդել է այստեղ սերվերային ապահովմանն ուղղված տեխնոլոգիական կենտրոն բացել։
«Մեր թիմը բաղկացած է 25 անդամից, մտադիր ենք մինչև տարվա վերջ թիմը ընդլայնել հասցնելով՝ 40-ի։ Սա միայն սկիզբն է։ Վստահ եմ, որ երկու-երեք տարվա ընթացքում ընկերությունը 100 աշխատատեղ է ունենալու»,- հավելեց EstateGuru-ի տեխնիկական ղեկավարը Արարատ Յուզբաշյանը։
EstateGuru-ն առաջատար համաեվրոպական շուկա է, որն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր ՓՄՁ-ներին և բծախնդրորեն ընտրված ներդրումային հնարավորություններ համաշխարհային ներդրողների համար: Ընկերությունը մշակում է անշարժ գույքի ֆինանսավորման և ներդրումների թվային, առանց սահմանների էկոհամակարգ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Միավորելով տարբեր ծառայություններ մատակարարողներին, ՓՄՁ-ներին և ներդրողներին մեկ շուկայում՝ ընկերությունն առաջարկում է անխափան, միջսահմանային և թվային ծառայություններ վարկառուների և ներդրողների համար: