Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Առաջին հայկական ռոբոտին ստեղծած ընկերությունը 2 մլն դոլար ներդրում է ներգրավել ընդլայնվելու համար

Առաջին հայկական ռոբոտին ստեղծած ընկերությունը 2 մլն դոլար ներդրում է 
ներգրավել ընդլայնվելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արհեստական բանականության վրա հիմնված Ռոբին ռոբոտին ստեղծած Expper Technologies ընկերությունը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Հայաստան՝ Starta VC և Formula VC վենչուրային ընկերությունների միջոցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացի SmartGateVC-ից և հրեշտակ ներդրողներից, ընկերության նոր ներդրողներն են նաև Healthcare Equity Angels-ը, AiSprouts VC-ը, AngelsDeck-ը։

Ռոբին Ռոբոտի ընկերության՝  Expper Technologies-ի համահիմնադիր և գործադիր տնօրենը Կարեն Խաչիկյանի խոսքով՝  Ֆինանսավորումից ստացված հասույթը կօգտագործվի Ռոբինի տեխնոլոգիայի առաջխաղացման, ինչպես նաև թիմի ընդլայնման համար։

«Մեր նպատակը ընկերության արտադրանքները, հենց ընկերությունը զարգացնելն է։ Մենք պատրաստվում ենք մեր ընկերության աշխատակիցների թիվը 25-ից մինչև 50-60-ի հասցնել, վաճառքների թիվը մեծացնել ու ավելի շատ քանակով ռոբոտներ տեղադրել ԱՄՆ-ում։ Ռոբինի տեխնոլոգիաները զարգացնելու հեռանկարներ ևս ունենք»,- նշեց համահիմնադիրը։

Կարեն Խաչիկյանը վստահեցնում է, որ իրենց նպատակն է ապացուցել, որ Հայաստանում հնարավոր է կոմպլեքս արտադրանքներ ստեղծել, որոնք օգնելու են մարդկանց ամբողջ աշխարհում։

«Մենք Ռոբինին ստեղծել ենք Հայաստանում։ Ռոբինը առաջին հայկական ռոբոտն է։ Մեր նպատակն է ցույց տալ, որ հնարավոր է Հայաստանում նման արդյունք գրանցել։ Ուզում ենք, որ մնացածն էլ քայլեր անեն, որպեսզի Հայաստանում ստեղծվեն արտադրանքներ, որոնք ամբողջ աշխարհում կգնահատվեն ու կսիրվեն»,- ընդգծեց Կարենը։

Համահիմնադիրը կիսվելով ընկերության այս տարվա խնդիրների մասին ընդգծեց, որ վաճառք ապահովելը իրենց համար առաջնային է։ Մյուս փուլի ներդրողները ցանկանալու են հասկանալ՝ արդյո՞ք ընկերությունը կարողանում է վաճառք ապահովել։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են դրված խնդիրը հաղթահարելու և վաճառքի բարձր քանակ ապահովելու համար։

«Մենք միացյալ նահանգներում այս պահին ունենք 15 ակտիվ ռոբոտ ու այս տարվա ընթացքում պատրաստվում ենք ևս 50-ից  ավելի ռոբոտ տեղադրել, որը շատ մեծ թիվ է նման արտադրանքի համար»,- նշեց նա։

Ռոբինի առաքելությունն է օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև դարձնել բուժման ընթացքը։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։ Վերջերս Ռոբին ռոբոտը ճանաչվել էր հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։

 

Կարինե Տերտերյան

 

 

 

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]