Արցախ

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն  ունեն լուրջ որակավորում. Արցախի նախագահ

2 րոպեի ընթերցում

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն  ունեն լուրջ որակավորում. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա: Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման գործունեությամբ չի զբաղվել, բայց այսօր արդեն հանձնարարված է, քանի որ մեր 216-միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք և այդ առիթով մենք պետք է գիտակցենք, որ մեր ամեն մի լումայից արդյունավետություն պետք է ունենանք: Փորձելու ենք որոշ կադրային փոփոխություններ անել և հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, թե այսօր հասարակությունը մտածում է, որ բոլորը թալանում ու գողանում են, նա, իհարկե, չնշեց, որ նման բան կա, բայց նաև չբացառեց չարաշահումների դեպքերը, և այդ առումով իրենք պետք է հստակ վերահսկողություն ունենան այդ բոլոր ուղղություններով:

Նախագահը կարևորեց նաև հասարակության հետ մշտական կապի ապահովումը: Իշխանության ներկայացուցիչները պարտադիր պետք է մշտական հանդիպումներ ունենան բնակիչների հետ, որպեսզի բնակչությունը հասկանա, որ պետությունն իր թիկունքում է և գործում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում