Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի 
կունենա հունվարի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին ժամը՝ 18։00-20։00 «Մեմորիալ» սգո սրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից և հավելում, որ նկարչի հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 18-ին Հայաստանի նկարիչների միության շենքից:

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։  1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ 1

974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ:

1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 

1990-1992 թվականներին և 2001 թվականին եղել է Երևանի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ:

Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ մասնավոր հավաքածուներում են, աշխարհի տարբեր քաղաքներում։ Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։

2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայող Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է  Երևանի Օղակաձև զբոսայգում: 2012 թվականին Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կազմակերպած հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։

Նկարիչը կյանքից հեռացել է 2022 թվականի հունվարի 16-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]