Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Հայաստան-Թուրքիա երկխոսության հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ

Հայաստան-Թուրքիա երկխոսության հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն 
ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունվարի 14-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչների՝ հայկական կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից՝ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը:

Երևանը և Անկարան երկկողմ հարաբերությունների կարգավորման և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հերթական փորձն են անում:

«Արմենպրես»-ը հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ ներկայացնում է համառոտ տեղեկատվություն հարցի շուրջ ընդհանուր իրավիճակի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախապատմության վերաբերյալ:

Ըստ էության, սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ վերջին 30 տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձն է:

Թուրքիան առաջին երկրներից մեկն է եղել, որը պաշտոնապես ճանաչել է նորանկախ Հայատանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 24-ին, սակայն հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ավելին, 1993  թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, սակայն 1995 թվականին միջազգային ճնշման ներքո բացել է օդային սահմանը:

Թուրքիայի հարցերով մասնագետներն ասում են, որ 1991 թվականից ի վեր Թուրքիան մի քանի նախապայման է առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը վերահաստատի իր հանձնառությունը 1921 թ. Կարսի պայմանագրին և ճանաչի Հայաստանի և Թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության հետապնդումից և ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք:

Հայաստանը, բնականաբար, մերժել է այդ նախապայմանները և հանդես է եկել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դիրքորոշմամբ: Այս փաստն ընդգծված է ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ. հնգամյա ծրագրում, որի «Արտաքին քաղաքականություն» բաժնում նշված է, որ «Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և  տնտեսական զարգացման շահերից», և «այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»: Մինչ այդ նաև ընդգծվում է, որ ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և փակ սահմանները, այլ «Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը 44-օրյա պատերազմում բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա»:

Թուրքական նախապայմանների հանգամանքը մատնանշված է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվական բազայի՝ Թուրքիային վերաբերող բաժնում, որտեղ նշվում է, որ հայ-թուրքական «ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը»:

Նշվում է, որ 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2021 թ. նոյեմբերի 20-ին հրապարակվեց ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի տված հարցազրույցը, որում արտգործնախարարը նշում էր, որ Անկարան նոր պայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման համար, որոնց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքի» հարցն է:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման առաջին փորձը տեղի է ունեցել 1990-ական թթ. սկզբներին և ոչ մի արդյունք չի տվել: Երկրորդ փորձը 1999-2000 թթ. ամերիկյան միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների գործընթացն էր Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Ձևավորվել էր «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողով» (Turkish-Armenian Reconciliation Commission), որտեղից էլ գործընթացը ստացավ «TARC» անվանումը: Այն ժամանակ կիրառվեց այսպես կոչված «երկրորդ ճանապարհի դիվանագիտության» մեթոդը, սակայն դա նույնպես շոշափելի որևէ արդյունք չտվեց:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամենալուրջ փորձը մինչ օրս կրկին Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2008-2010 թթ. տեղի ունեցած հայտնի «Ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացն է, որը նույնպես ձախողվել է Թուրքիայի կողմից նախապայմանների առաջքաշման պատճառով: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերություների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարաններում և չստացան իրավական ուժ: Ի վերջո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անկարայի ոչ կառուցողական մոտեցման պատճառով 2010 թ. ապրիլի 24-ի նախօրեին հայտարարեց գործընթացը սառեցնելու մասին, իսկ 2018 թ. մարտի 1-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր գործընթացը սկսեց աստիճանաբար ակտիվանալ 2021 թ. սկզբներից: 2021 թ. ապրիլի 6-ին հրապարակված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հարցին ի պատասխան հիշեցրել էր Թուրքիայի անմիջական մասնակցությունը 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական կապերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ապրիլի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, այդ համատեքստում հայտարարել էր, թե իրենք խնդիր չունեն հայերի հետ և ցանկանում են Հայաստանի հետ բարիդրացիության սկզբունքի վրա հիմնված հարաբերություններ կառուցել:

2021 թ. օգոստոսի կեսերից Երևանի և Անկարայի միջև փոխադարձ «դրական ազդակների» փոխանակումն ավելի ակտիվացավ: Օգոստոսի 18-ին հրապարակվեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, որի «Արտաքին քաղաքականություն» բաժնում (1.1) առանձին ենթակետ կար Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ:

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր: Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից  որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Հետագա ամիսներին իրադարձություններն ընթացան նույն ոգով:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Հայաստանը և Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Դեկտեմբերի 15-ին Թուրքիայի  արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ երկխոսության համար թուրքական կողմից հատուկ բանագնաց է նշանակվել Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: Իսկ դեկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Իսկ արդեն Ամանորից հետո՝ հունվարի 5-ին, Վահան Հունանյանը հաղորդեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում:

Հունվարի 13-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԱԳՆ խոսնակը ասել է՝ Հայաստանն ակնկալում է, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և 90-ականներին Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի:


Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կայանալու է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:  

 

Արամ Սարգսյան

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]