Հասարակական

ՊԵԿ  աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար

3 րոպեի ընթերցում

ՊԵԿ  աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողներից տարբեր չափերով, ընդհանուր` ավելի քան 1.700.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Գագիկ Հակոբյանը Երևան քաղաքի տարբեր վայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ իրականացրած ստուգումների ընթացքում հարկային օրենսդրության ոլորտում հնարավոր խախտումները չարձանագրելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ինչպես նաև թույլ տրված խախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դիմաց հիշյալ տնտեսվարողներից ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով 2021 թվականի մարտից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 100.000-ից 300.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Գագիկ Հակոբյանը մեկ այլ ընկերությունում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ` նախնական համաձայնության գալով իր անմիջական ղեկավարի` ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Գագիկ Կարապետյանի և գլխավոր օպերլիազոր Արամ Աղաջանյանի հետ, հնարավոր խախտումները և բացթողումները չարձանագրելու համար հիշյալ ընկերության հիմնադրից պահանջել և 2021թ. հոկտեմբերին նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Տնտեսվարողներից տարբեր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Գագիկ Կարապետյանին և Արամ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Կաշառքի միջնորդության համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊԵԿ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար 5 անձի մեղադրանք է առաջադրվել 312-րդ հոդվածի տարբեր մասերով:

Կաշառք ստացած ՊԵԿ աշխատակիցների, ինչպես նաև նրանց կաշառք տված ու կաշառքի միջնորդություն կատարած 6 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով`դատարանի`օրինականուժիմեջմտածդատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում