Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Քաղավիացիայի նախկին ղեկավարը մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման պատմությունից

Քաղավիացիայի նախկին ղեկավարը մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա 
օդային սահմանի բացման պատմությունից

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը (1993-96 թթ.) դրական է գնահատում Երևան-Ստամբուլ-Երևան ավիաչվերթի բացման մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա մանրամասներ հաղորդեց 1990-ական թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության հաստատման պատմությունից՝ նշելով, որ այն ժամանակ Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային բացել Հայաստանի հետ օդային սահմանը:

Շահեն Պետրոսյանը պատմեց, որ 1993 թվականին, երբ ինքը նշանակվել է քաղավիացիայում, հետաքրքրվել է ավիատոր մասնագետներից, թե ի՞նչն է պատճառը, որ փակ է նաև Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, և պարզել է, որ երբ Հայաստանը անկախացել է, մասնագետները չեն զգուշացրել, որ պետք է նաև օդային սահմանները հաստատվեն: Հայկական կողմն այդ հարցով դիմել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսին՝ ECAC-ին (European Civil Aviation Conference): Իսկ այդ ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը արդեն բանակցություններ էին վարում Թուրքիայի ղեկավարության հետ:

«Ես այդ ամենի մասին տեղեկացրեցի իշխանություններին, որ պետք է ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, քանի որ մենք, ցամաքային շրջափակումից բացի, նաև օդային բլոկադայի մեջ էինք, իսկ Թուրքիան դրա իրավունքը չուներ: Թուրքիան արդարանում էր, ասում էր՝ «մեր սահմանը, որ կա, Սովետական Միության սահմանն է, իսկ Սովետական Միություն այլևս գոյություն չունի»: Եվ մենք ստիպված էինք հաստատել, որ դա Հայաստանի Հանրապետության սահմանն է: Մեզ շատ օգնեց եվրոպական ECAC կազմակերպությունը: Մենք ավելի քան մեկ տարի պայքարում էինք դրա համար, և ի վերջո ECAC-ը պարտադրեց Թուրքիային, որ նա բացի Հայաստանի հետ օդային սահմանը: Քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունեինք, շատ բարդ էր այդ գործընթացը: Եվ հանկարծ մի օր ինձ զանգահարեց Թուրքիայի իմ գործընկերը՝ իրենց ավիացիայի ղեկավարը, ասում է՝ «էֆենդի Պետրոսյան, կարո՞ղ եք գալ, մենք փաստաթղթերը արդեն պատրաստել ենք, որ օդային սահմանը բացվի»: Ես պատասխանեցի՝ «միգուցե դո՞ւք գաք», ասաց՝ «չէ, մեզ մոտ ամեն ինչ արդեն պատրաստ է»», - պատմեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Հայաստանի քաղավիացիայի և Թուրքիայի քաղավիացիայի աէրոնավիագացիոն ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողությունը

Կենտրոնում՝ ձախից՝ ՀՀ քաղավիացիայի աէրոնավիացիայի ղեկավար Գևորգ Պետրոսյան

Աջից ձախ՝

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Շահեն Պետրոսյան

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Քաբադայի

Այդպես մի փոքրիկ օդանավով՝ Յակ-40-ով Երևանից մեծ պատվիրակություն է մեկնում Անկարա, որտեղ 1995 թվականի ապրիլի 20-ին ստորագրվում է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագիրը:

Հայաստանի քաղավիացիայի ղեկավարը և Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրենը՝ Անկարայի բյուզանդական ամրոցում հրավիրված ճաշկերույթի ժամանակ

«Այդ ժամանակ մենք օդային երկու միջանցք ունեինք, որոնցից մեկը կոչվում էր «H 50», մյուսը՝ «H 51»: Դրանցից մեկն անցնում էր Արարատ լեռան վրայով, մյուսը՝ Կարսի: Դա մեծ օգուտ եղավ Հայաստանին, որովհետև տարանցիկ օդանավերն արդեն սկսեցին օգտվել այդ մայրուղուց և թռիչքները կատարում էին Հայաստանի վրայով՝ Եվրոպայից դեպի Հեռավոր Արևելք: Դրա շնորհիվ Հայաստանը աերոնավիգացիայի համար տարեկան 1 մլն դոլարի եկամուտ էր ստանում», - բացատրեց Հայաստանի քաղավիացիայի նախկին ղեկավարը:

Այդպիսով «Հայկական ավիաուղիների» միջոցով 1995 թվականի մայիսին բացվել է Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթը շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Ծրագրեր են եղել նաև Գյումրի-Կարս ավիաթռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվել:

Շահեն Պետրոսյանի խոսքով՝ 2000-ականներին՝ մինչև 2016 թվականը, նաև հակառակ ուղղությամբ՝ Ստամբուլ-Երևան ավիաթռիչքներ են եղել թուրքական «Պեգասուս» ավիաընկերության օդանավերով, սակայն 2016-ին, երբ տարածաշրջանային իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կրկին բարդացավ, այդ թռիչքները դադարեցվեցին:

Քաղավիացիայի նախկին ղեկավարը դրական է գնահատում Հայաստան-Թուրքիա ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկությունները:

«Ընդհանրապես, հարևանների հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենալ: Այնպես որ, ես դրական եմ գնահատում», - նշեց Շահեն Պետրոսյանը:

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Թուրք նախարարը հիշեցրել է, որ վերջին 2.5 տարում Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցություն չի եղել, և հիմա իրենք ոլորտի համար կարևոր առաջընթաց են ակնկալում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթեր իրականացնելու հայտ է ներկայացրել Flyone Armenia ընկերությունը:

 

Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]