Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

4 հազար 660 շահառու, 53.6 միլիարդ դրամ հատուցում. զինապահովագրության հիմնադրամն ամփոփում է տարին

4 հազար 660 շահառու, 53.6 միլիարդ դրամ հատուցում. զինապահովագրության 
հիմնադրամն ամփոփում է տարին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը ներկայում ունի 4 հազար 660 շահառու, որից 4 հազար 243-ն ավելացել է 44-օրյա պատերազմի հետևանքով և դրանից հետո: Նշված շահառուներից զոհված են 3 հազար 986-ը (հատուցումը ստանում է ընտանիքը), անհայտ բացակայող՝ 98-ը (հատուցումը ստանում է ընտանիքը), հաշմանդամություն ձեռք բերած՝ 576-ը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը նշեց, որ հիմնադրամը կատարել է 53.6 միլիարդ դրամի հատուցում:

«Հիմնադրամը զուտ գումար վճարող կառույցն է, այն խողովակն է, որով գումարը հասնում է շահառուին: Մնացած գործընթացները տեղի են ունենում ուժային մարմիններում: Այս պահին հիմնադրամում չկա մեկ շահառուի գործ, ում տվյալներն ամբողջական ներկայացվել են ու հատուցումը չենք վճարել: Թե որքան կավելանա շահառուների թիվը, կդժվարանամ կոնկրետ ասել, սակայն մոտավոր հաշվարկներով 200-250 դեպք կարող է լինել՝ կապված 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդող զարգացումների հետ»,-ասաց Սմբատ Սաիյանը:

Հիմնադրամը տրամադրում է միանվագ 10 միլիոն դրամ զոհված ու անհետ կորածների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200 հազարից-300 հազար դրամ: Հիմնադրամը տրամադրում է միանվագ 5 միլիոն դրամ զինհաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100 հազար-200 հազար դրամ: Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինվորների սպայական կոչումով:

 «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանը նշեց, որ տարվա ընթացքում հիմնադրամը կենտրոնացել է հիմնադրամի գործունեության մասին տեղեկացվածության բարձրացման վրա, հատկապես Հայաստանի սահմաններից դուրս:

«Հայաստանում տեղեկացվածության պակաս չկա, ցավոք, պատերազմը մտել է բոլորի տները: Բոլորս ունենք ընտանիքի անդամ, ընկեր, բարեկամ, հարևան, որն առնչվել է պատերազմի հետ: Կան զոհեր ու հաշմանդամություն ձեռք բերած անձինք: Դրանով է պայմանավորված, որ կամավոր նվիրաբերությունների շատ մեծ թիվը հենց Հայաստանից է: Շատերը վստահում են ու ներդրում են կատարում»,-ասաց Սոնա Բաղդասարյանը:

Սոնա Բաղդասարյանը նշեց, որ Սփյուռքում հայ համայնքները տեղեկացված չեն հիմնադրամի գործունեությունից: Կան մշտական օժանդակություն ցուցաբերողներ, սակայն նույնիսկ ամենակտիվ համայնքներում, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում է, տեղեկացվածության պակաս կա: Այդ պատճառով հիմնադրամի թիմի հիմնական գործունեությունն ուղղված էր թե տեղեկացվածության բարձրացմանը, թե ֆոնդհայթայթմանը:

Հայաստանում օրենսդրական փոփոխություն կատարելուց հետո պարտադիր վճարները բարձրացվեցին, և գումարը միջինում երեք անգամ աճել է: Նվիրաբերությունների մեծ մասը իրականացվում է Հայաստանից: Ակտիվություն կա ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում:

Սոնա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը նախատեսում է իրականացնել կրթական ծրագրեր՝ ուղղված ֆինանսական գրագիտությանը: «Փորձում ենք գնահատել ֆինանսական ոլորտում մեր շահառուների գիտելիքները և հասկանալ, թե ինչ կարիքներ ունեն, որ հիմնադրամից ստացվող բավականին մեծ և երկարաժամկետ հատուցումները առավելագույնս օգտագործվեն ի բարօրություն իրենց»,-նշել է Սոնա Բաղդասարյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]