Տնտեսություն

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է հաջորդ տարվա համար կանխատեսել ոչ թե 7, այլ 5-5.5 տոկոս տնտեսական աճ

2 րոպեի ընթերցում

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է հաջորդ տարվա համար կանխատեսել ոչ թե 7, այլ 5-5.5 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը 2022 թվականի պետական բյուջեի նախագծով 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը համարում է անիրատեսական, առաջարկում դրա փոխարեն նախագծում ֆիքսել 5-5.5 տոկոս աճի կանխատեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանն այս մասին ասաց ԱԺ նիստում պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Հակոբյանը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն անիրատեսական է համարում: «Կապիտալ ծախսերը 2022-ին նախատեսվում է ավելացնել ավելի քան 130 մլրդ դրամով՝ այն պարագայում, երբ կառավարությունն արդեն իսկ թերացել է, այս տարվա կապիտալ ծախսերը շուրջ 30 տոկոսոով չեն կատարվել: Ակնհայտ է, որ 7 տոկոսին հնարավոր չի լինելու հասնել»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորը լավ ցուցանիշ կհամարի, եթե այս վիճակում այս տարին ամփոփվի 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով:

«Այս բյուջեի նախագիծը պետք էր կազմել՝ շատ ավելի ճիշտ ճանապարհային քարտեզ ունենալով և մատնանշել, թե այդ 7 տոկոս իրավական աճը ոնց ենք ստանալու: Ես առաջարկում եմ այդ նշաձողն իջեցնել 5-5.5 տոկոս»,- ասաց Հակոբյանը:

Նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն էլ նշեց. «Ակնհայտ է, որ 2022-ի պետբյուջեն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ»:

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը ևս 7 տոկոս աճի կանխատեսումը իրատեսական չի համարում: Նա այդ կանխատեսման համար հիմքեր չի տեսնում, մատնանշում է սպառողական գների ինդեքսի աճ և մի շարք այլ անբարենպաստ պայմաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում