Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Երևանում քննարկել են լրատվամիջոցների հրատապ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Երևանում քննարկել են լրատվամիջոցների հրատապ խնդիրներն ու դրանց լուծման 
ուղիները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մամուլի ակումբի և Հանրային լրագրության ակումբի համատեղ  ծրագրերի շրջանակում տեղի ունեցավ «Հայաստանյան լրատվամիջոցներ. հրատապ խնդիրներ և լուծումներ» թեմայով միջոցառումը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը շատ կարևորեց այս միջոցառման իրականացումը և հույս հայտնեց, որ այս նախաձեռնության շնորհիվ կձևավորվի մշտական գործող լրատվամիջոցների հարթակ, որից կարող է օգտվել  ցանկացած կազմակերպություն, որը նպատակահարմար կգտնի կազմակերպել քննարկում լրագրության կամ լրատվամիջոցների հետ կապված խնդիրների վերաբերյալ:

«Այս ծրագիրը սկսվել է դեռ 2020 թվականին, բայց  համավարակի և հետպատերազմյան ճգնաժամերի պատճառով շատ գործողություններ տեղափոխել էինք: Այս միջոցառումը  դրանցից  մեկն է, որի հիմանական նպատակը որակյալ լրատվության ապահովումն է: Հաջորդը՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ձևավորումն ու խրախուսումն է: Մոտ ապագայում մենք պլանավորում ենք լայն  քննարկումների արդյունքում  սահմանել մրցանակ՝ էթիկական լրագրության համար, որը հուսով եմ կդառնա ամենամյա լավ  ավանդույթ: Հաջորդ կարևոր ծրագիրը, որ պլանավորում ենք, մեր լրատվության ու լրագրողական  հանրության ներկայացուցիչների այցն է  Նիդերլանդներ,  որպեսզի ծանոթանան  այնտեղի լրատվական ինքնակարգավորման փորձի հետ: Մեր շատ գործընկերներ վերջին տարիներին հասցրել են  ծանոթանալ Դանիայի և Շվեդիայի  փորձին, այժմ հնարավորություն կունենա ծանոթանալու նաև Նիդերլանդների փորձին: Այն կնպաստի Հայաստանում  որակյալ լրատվամիջոցների կայացմանը»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

Ազատություն ռադիոկայանի լրագրող Սարգիս Հարությունյանը, անդրադառնալով ԶԼՄ-ների ինքնակարգավորման թեմային, նշեց, որ այն անչափ կարևոր է, որովհետև լրատվամիջոցները, որոնք զբաղվում են որակյալ, պատշաճ լրատվությամբ, հետևաբար, մատուցում են հավաստի տեղեկություն, գերակա են դարձնում հանրային շահը, ունեն հեղինակություն, ինչը  հատկապես ճգնաժամային իրավիճակներում  կարևոր է: Նրա խոսքով՝ այսպիսի լրատվամիջոցների գործունեությունը անփոխարինելի է, որոնց բացակայության պայմաններում հնարավոր չէ կառուցել ժողովրդավարություն: Նրանց բացակայության դեպքում կարող են առաջանալ  լուրջ խնդիրներ պետության անվտանգության համար, ինչին մենք ականատես ենք լինում հատկապես պատերազմից հետո և համավարակի այս ժամանակահտվածում:

«Լրատվամիջոցի ինքնակարգավորումը լրջագույն գործիք է, որն ի վերջո հանգեցնում է լրատվամիջոցի անկախության մեծացմանը, կայացմանը, այսինքն՝ որակյալ լրատվության ստեղծմանը»-ասաց  Հարությունյանը:

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, անդրադառնալով ռիսկային իրավիճակներում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունների հետ կապված «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրին, ասաց, որ այն ստեղծել են անմիջապես 44 օրյա պատերազմից հետո, երբ հասկացել են, որ կա անհրաժեշտություն լրագրողներին աջակցություն ցուցաբերել հոգեբանական, հումանիտար և ճգնաժամային իրավիճակներում.«Այն ճգնաժամային իրավիճակները, որոնց միջով մենք անցանք, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մենք պատրաստ չենք նման ճգնաժամերին: Առհասարակ մարդիկ պատրաստ չեն լինում անսպասելի իրավիճակներին, սակայն մեդիա դաշտում հնարավոր է անել  միջամտություններ, որոնցով հնարավորինս կնախապատրաստենք մեզ հնարավոր ճգնաժամերին՝ լինի դա ընտրությունների լուսաբանում, պատերազմ և այլն»,-ասաց  Սեդա Մուրադյանը:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]