Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ընտրական հանցագործության 17 հաղորդում է ստացվել. 13-ով նախապատրաստվում են նյութեր

Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ընտրական 
հանցագործության 17 հաղորդում է ստացվել. 13-ով  նախապատրաստվում են նյութեր

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկման է ենթարկվել դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր խախտումների վերաբերյալ տվյալների ստացման և ընթացքավորման գործընթացը:

«Ըստ այդմ՝ մարզի նշված չորս խոշորացված համայնքներում կայացած ընտրությունների ողջ ընթացքում, մինչև քվեարկության ժամկետի ավարտը, ստացվել է նմանատիպ հանցագործության առերևույթ դեպքերի մասին ընդհանուր 17 հաղորդում, ահազանգ, որոնցից 3-ը՝ կապված նախընտրական քարոզարշավի հետ, իսկ 14-ը՝ քվեարկության: Դրանցից 2-ը ԶԼՄ հրապարակումներ են, 12-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից, մասնավորապես՝ 2-ը վերաբերում է մինչև քվեարկության օրը ընկած ժամանակահատվածում Վարդենիս և Գավառ համայնքներում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 1-ը՝ Վարդենիս խոշորացված համայնքում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ Սևան, Գավառ, Մարտունի խոշորացված համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, 4-ը՝ Վարդենիս և Գավառ խոշորացված համայնքների ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ մարտունի խոշորացված համայնքում նախընտրական պաստառի առերևույթ վնասմանը, 2-ն՝ այլ բնույթի:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 17 հաղորդում-ահազանգերից 2-ի առնչությամբ, հաշվի առնելով դրանց վերացական և ընդհանրական լինելու հանգամանքը, ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ, որոնք շարունակվում են:

Մնացած 15 դեպքի վերաբերյալ հաղորդումները մարզի դատախազության հանձնարարությամբ ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Արդյունքում, դրանցից 2-ով, որոնք վերաբերել են նախընտրական շրջանում ստացված առերևույթ ընտրական հանցագործության դեպքերին, որոշում է կայացվել հանցադեպի կամ հանցակազմի բացակայության  հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Մնացածով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]