Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 
պարտավորությունների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 10-ին համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները ապաէսկալացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների ու այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ  համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

«Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրությամբ:

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը ուղղված  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն ՝ իրենց մանդատի շրջանակներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]