Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Չինաստանի դեսպանը գոհ է հայ-չինական հարաբերությունների զարգացման աստիճանից

Չինաստանի դեսպանը գոհ է հայ-չինական հարաբերությունների զարգացման 
աստիճանից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը շատ գոհացուցիչ է համարում հայ-չինական հարաբերությունների զարգացման այսօրվա տեմպերը: Չինաստանի դեսպանը այդ մասին հայտնեց «Արմենպրես»-ին՝ Հայ-ռուսական համալսարանում Կոնֆուցիոսի լսարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո:

«Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ այդ հարաբերությունների զարգացման աստիճանից ես ոչ թե գոհ եմ, այլ շատ գոհ եմ», - շեշտեց Հայաստանում Չինաստանի դեսպանը:

Հիշեցնելով, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները մի քանի հազար տարվա պատմություն ունեն և իրենց արմատներով հասնում են մինչև հնագույն մետաքսի ճանապարհի ժամանակները, դեսպան Ֆան Յոնգը հավելեց, որ նոր ժամանակներում էլ երկու երկրների հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են:

«Շատ ուրախ ենք տեսնելու, որ շատ երիտասարդներ այսօր Հայաստանում հետաքրքրվում են Չինաստանով, չինական մշակույթով և լեզվով: Ես նախորդ տարի եմ եկել Հայաստան և կարող եմ ասել, որ անցած տարվա դրությամբ և այս պահին ես տեսնում եմ, որ գնալով շատանում է այն ուսանողների և աշակերտների քանակը, որոնք ուսումնասիրում են չինարեն, և նրանց լեզվի իմացության մակարդակը գնալով բարելավվում է: Մեր դեսպանատունը ամեն տարի անցկացնում է միջոցառում, որով ֆինանսապես խրախուսում է թե՛ ուսանողներին, թե՛ աշակերտներին և թե՛ դասավանդմամբ զբաղվող դասախոսներին: Եվ ես արդեն հայտնաբերել եմ, որ նրանց մեջ կան ուսանողներ, որ շատ լավն են», - նշեց դեսպան Ֆան Յոնգը՝ հիշեցնելով, որ Չինաստանի դեսպանությունը համագործակցում է նաև «Արմենպրես» լրատվական գործակալության հետ:

Դեսպանի խոսքով՝ իրենք շատ լավ ծրագիր են մտածել, որի շնորհիվ ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան՝ տեսնելու այստեղի բնությունը և գեղատեսիլ վայրերը:

«Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցության արդյունքում չինացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան էլ ավելի կշատանա, և մենք կկարողանանք տեսնել զբոսաշրջիկների թվի աճը», - ասաց Չինաստանի դեսպանը:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մասնակցում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում Կոնֆուցիոսի լսարանի բացման հանդիսավոր արարողությանը և հույս հայտնեց, որ այդ նոր կենտրոնը հնարավորություն կտա հայ ուսանողներին էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի հայ-չինական համագործակցությանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]