Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Փաշինյանը կարևորել է ՌԴ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում

Փաշինյանը կարևորել է ՌԴ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական սահմանի 
դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս արած հայտարարությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցը պետք է կարգավորվի խորհրդային շրջանի քարտեզներով՝ նշելով, որ քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են 2010 թվականին ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված Հայաստանի Հանրապետության տարածքին:

«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքը: Սահմանը՝ որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով:

Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի Խորհրդային Միության քարտեզը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր թվականների քարտեզներն իրար վերատպումներն են, մենք պետք է խորանանք այդ քարտեզներով ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք: Այդ քարտեզներում կան տարածքային որոշակի տարբերություններ»,- նշել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես միջնորդ, այս գործում ունի և պետք է ունենա ներգրավվածություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Վալդայ ակումբում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա: «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Ինչո՞ւ, որովհետև քարտեզները  ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև»,- նշել էր նա։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]