Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պաշտպանի աշխատակազմը «Կոշ» ՔԿՀ-ում հայտնաբերել է մեծ քանակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ

Պաշտպանի աշխատակազմը «Կոշ» ՔԿՀ-ում հայտնաբերել է մեծ քանակի ժամկետանց 
դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազը հոկտեմբերի 25-ին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին տրամադրվել է ժամկետանց դեղորայք: Ըստ ահազանգի՝ արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան և ստամոքսի այրոցի զգացում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է իրականացրել «Կոշ» ՔԿՀ և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» ստորաբաժանումում հայտնաբերել մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր՝ «Ամլոդիպին», «Վերապամիլ», «Դիցինոն», «Ակտիվ ածուխ», «Կորսիզ», «Ռեոպոլիգլյուկին» և «Պոլիգլյուկին»։

«Ավելին, «Դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնության ցուցաբերման» մատյանի ուսումնասիրությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ դատապարտյալն իր առողջական գանգատների կապակցությամբ ստացել է տարբեր դեղամիջոցներ` առանց այդ մասին բժշկի համապատասխան ցուցումի։

Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում դատապարտյալն առանձին օրերին ստացել է «Մեզիմ», «Սպազմալգոն», «Գլյուկոզա», «Նոշպա», «Պարացետամոլ», «Վալիդոլ», «Ասկոֆեն», «Անալգին», «Դիմիդրոլ» դեղամիջոցներ, որոնք նրան ցուցված չեն եղել։

Ուսումնասիրությամբ՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին ազատությունից զրկված անձը ստացել է 10-ական հաբ «Կրիոն»։ Հոկտեմբերի 20-ին նա ստացել է 1 հաբ «Կրիոն» ստամոքսի ուժեղ ցավի կապակցությամբ։ Հոկտեմբերի 22-ին դատապարտյալը կրկին ստացել է 10 հաբ «Կրիոն»։ Սրանք բոլորը ևս ցուցված չեն եղել։ Ավելին, այցի պահին «Կրիոն» տեսակի դեղամիջոցը եղել է դատապարտյալի մոտ՝ ժամկետանց վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դատապարտյալի բժշկական քարտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս բժշկական զննության է ենթարկվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ախտորոշվել է «քրոնիկ տոտալ կատարալ կոլիտ»։ Նշանակվել է «Ուլկավիս», «Դոքսիցիկլին» և «Լինեքս»։ Այդուամենայնիվ, ցուցված դեղամիջոցները դատապարտյալին չեն տրամադրվել, բացառությամբ 1 հաբ «Լինեքս»-ի։

«Դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի համաձայն՝ նախորդող բժշկական զննությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 19-ին, որով չի նշանակվել երկարատև բուժում։ 

Դրանից բացի, «Կոշ» ՔԿՀ այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ խիստ անընդունելի սանիտարահիգիենիկ ու թափթփված վիճակում են գտնվում բժշկական ստորաբաժանման աշխատանքային սենյակները:

Ջնջումներով ու անփույթ են լրացված եղել դեղերի հաշվառմանը մատյանները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնավոր ենթադրությամբ՝ ջնջումներն արվել են նաև դեղերի քանակների արհեստական փոփոխություններ»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից՝ հավելելով, որ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (կանխարգելման ազգային մեխանիզմ) շարունակելու է մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները՝ կապված Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության ու սպասարկման խնդիրների, այդ թվում՝ ժամկետանց դեղերի խնդրի հետ:

«Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ապօրինի արարքները, այն է՝ ժամկետանց դեղերը սահմանված կարգով չոչնչացնելը, ավելին՝ մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր պահելը, դեղերի ոչնչացման կարգի խախտումները, ժամկետանց դեղորայք ազատությունից զրկված անձանց նշանակելը կոպիտ խախտումներ են: Դրանք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի բացահայտ վկայություն են:

Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի ու դա պետք է լինի համատարած՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն արձանագրել են նաև ժամկետանց դեղերի, ջնջումներով ու անփույթ լրացված մատյանների, սանիտարահիգիենիկ անընդունելի պայմանների այլ դեպքեր»,- նշել է աղբյուրը և տեղեկացրել, որ հայտնաբերված ոչ բոլոր ժամկետանց դեղերի ցանկն է հրապարակվել, մնացած մասին վերաբերյալ տեղեկատվությունը պաշտոնական նամակով կուղարկվի արդարադատության նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]