Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանք է 
առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից  հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիսի 9-ին Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչն իր մտերիմների հետ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ, խնջույք է կազմակերպել իր ընտանիքին պատկանող գործարանի բացօթյա տարածքում, որին մասնակցել է նաև Երևան քաղաքի Եղվարդի խճուղում գտնվող հացատան սեփականատերը: Որոշ ժամանակ անց, եղանակային պայմանների վատթարացման պատճառով, վերջինիս առաջարկով խնջույքը շարունակվել է նշված հացատանը:

«Այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել 39-ամյա տղամարդու և հացատան սեփականատիրոջ միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց, իսկ 39-ամյա տղամարդը սրահում գտնվող ձայնարկիչով փորձել է հարվածել հացատան սեփականատիրոջը, ինչը դիպել է երեք ծաղկամանի, և ձայնարկիչն ու ծաղկամանները կոտրվել են: Քաշքշուկն ավարտվել է ներկաների միջամտությամբ, որից հետո 39-ամյա տղամարդը հեռացել է, սակայն մոտ 30 րոպե անց՝ ժամը 23:00-ի սահմաններում, վերադարձել է 30-40 անձանց հետ: Իջնելով ավտոմեքենայից՝ 39-ամյա տղամարդն անմիջապես մոտեցել է հացատան դիմաց  իր մտերիմների հետ կանգնած՝ հացատան սեփականատիրոջը և ուժգին հարվածել նրա ձախ աչքին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]