Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

ՀՊՏՀ-ն կազմակերպում է «Բիզնես-գիտություն» կապի ամրապնդմանն ուղղված մրցույթ

ՀՊՏՀ-ն կազմակերպում է «Բիզնես-գիտություն» կապի ամրապնդմանն ուղղված մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կազմակերպում է «Բիզնես-գիտություն» համագործակցության խթանմանն ուղղված մրցույթ, որին կարող են մասնակցել փոքր ու միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), որոնք հետաքրքրված են իրենց բիզնեսի առաջխաղացմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՊՏՀ-ից, մանրամասնելով, որ հաղթող մասնակիցները կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով.

1-ին հորիզոնական – հետազոտության և զարգացման (R&D) հեռանկարների մշակում,

2-րդ հորիզոնական – շուկայի ուսումնասիրություն,

3-րդ հորիզոնական – բիզնես խորհրդատվություն (կամ բիզնեսի զարգացման վերաբերյալ թրեյնինգ):

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել դիմումի ձևաչափը պատասխանելով մի շարք հարցերի, ինչպիսիք են՝

արդյոք համագործակցում են նրանք գիտության տարբեր ներկայացուցիչների հետ,

եթե այո, ապա ինչ ուղղություններով,

եթե ոչ, ապա ինչու, ինչ խոչընդոտներ կան, ինչ աջակցության կարիք ունեն,

ինչ քայլեր են պատրաստ ձեռնարկել առաջիկայում՝ այդ կապն ամրապնդելու և դրանից օգուտ քաղելու համար և այլն:

Լրացված դիմումի ձևաչափն անհրաժեշտ է ուղարկել  [email protected] էլ.հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով IVF Contest: Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 27-ը, ժ․ 23։59։ Դիմումները գնահատվելու են նախագծի գործընկեր եվրոպացի փորձագետների կողմից՝ նախապես մշակված գնահատման չափանիշների համաձայն։

Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակներում։ Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է:   

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]