Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանդիսատեսին է ներկայացվել քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի մասին պատմող ֆիլմը

Հանդիսատեսին է ներկայացվել քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի մասին պատմող 
ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոդյուսեր Պետրոս Լագեսյանը արվեստասերներին է ներկայացրել «Կառլեն Նուրիջանյան» վավերագրական ֆիլմը, որը պատմում է «Վիշապաքաղ Վահագն», «Հայկ Նահապետ» և մի շարք այլ քանդակներ կերտած հեղինակի կյանքի ու գործունեության մասին, ընդգծում նրա ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմի ստեղծման մտահղացումը Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանինն է։

Կառլեն Նուրիջանյանի առաքելությունը մեր հերոսապատումները գալիք սերունդներին փոխանցելու մեջ էր․ և հենց այդ համատեքստում քանդակագործը հեղինակել է «Վահագն Վիշապաքաղ» (1968թ.), «Հայկ Նահապետ» (1970թ.), «Տորք Անգեղ» (1982թ.) և այլ գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը։

Կինոնկարում Կառլեն Նուրիջանյանի մասին են պատմում նրա ընկերներն ու հարազատները՝ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, մենապարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաշիդ Կարապետյանը, քանդակագործ, դրվագող Ներսես Չարխչյանը, նկարիչ, քանդակագործ, Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը, արվեստաբան Արմեն Առուստամյանը, գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանը, թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, Կառլեն Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանը։ Ներկայացնում են Նուրիջանյանի անցած դժվարին ուղին, պատմում նրա չիրականացված ծրագրերի՝ հատկապես «առասպելների այգու» մասին:

«Մեր նպատակն էր ֆիլմի միջոցով ոչ միայն հարգանքի տուրք մատուցել քանդակագործին, այլև էլ ավելի ճանաչելի դարձնել գործչին ու նրա անունը։ Գործչի, որին թեև անունով քչերն են ճանաչում, որը սակայն մեծ հետք է թողել հայկական մշակույթում և որի կերտած քանդակները մեր երկրի արժեքավոր զարդերն են»,-նշել է ֆիլմի պրոդյուսեր Պետրոս Լագեսյանը։ Նա հատուկ շեշտել է, որ Նուրիջանյանի՝ քերթողահայր Մովսես Խորենացուն նվիրված մեծադիր կոթողն անհետացել է, և ֆիլմի հեղինակները հորդորում են բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն այդ արձանի մասին, տեղեկատվություն փոխանցել իրենց։ Ֆիլմի ստեղծողները հույս ունեն գտնել նաև բացառիկ այդ հուշարձանը։

Կինոգետ Կարեն Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը երկու նպատակ ունի՝ վառ պահել Նուրիջանյանի հիշատակը և վերականգնել հիշողությունը՝ բացահայտելով Նուրիջանյանին բոլոր այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն նրա գործունեությանը։

Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանն էլ խոստովանել է, որ շատ սիրում էր քեռուն և վերհիշել, թե ինչպես էր օրերն անցկացնում նրա արվեստանոցում։

Ֆիլմի շնորհանդեսն ուղեկցվել է ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի կատարումներով։ Նա ընդգծել է, որ մենք պետք է մեծարենք ու հիշենք մեր մեծերին՝ արժանին մատուցելով նրանց։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am