Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միջազգային գիտաժողովում բարձրաձայնվեցին պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը

Միջազգային գիտաժողովում բարձրաձայնվեցին պատմամշակութային ժառանգության 
պահպանման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը, որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում է 65 գիտնական: Նրանք Հայաստան են ժամանել Ռուսաստանից, Ղազախստանից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից:

Մասնակիցները նախաձեռնությանը հանդես են գալիս ոլորտում իրականացվող քաղաքականության, պրակտիկ գործունեության, ինչպես նաև Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ զեկույցներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին Մատենադարանում:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Եղիազար Վարդանյանի համոզմամբ՝ գիտաժողովը կձևավորի բարենպաստ պայմաններ խթանելու մասնագետների ներուժն ու կարողությունները և դրանք ծառայեցնելու ակադեմիական գիտության զարգացմանն ու կրթության որակի բարձրացմանը:

«Անհրաժեշտ է համատեղ արձագանքել աշխարհի ցանկացած վայրում հուշարձանների ոչնչացմանը՝ մեր ներդրումը կատարելով դրանց պահպանման գործում: Համագործակցությունն առավել առարկայական դարձնելու համար առաջարկում եմ միավորվել համատեղ միջազգային գիտակրթական նախագծերի ծրագրերի իրականացման շուրջը»,- շեշտեց նա և հույս հայտնեց, որ գիտաժողովը հիմք կհանդիսանա պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտի գիտնականների, վերականգնողների, մասնագետների միջև փորձի փոխանակման, կարևոր նախաձեռնությունների կյանքի կոչման, փակուղային իրավիճակում երկխոսության կայացման համար:

Մոսկվայից ժամանած ճարտարապետ, ուրբանիստ Անդրեյ Իվանովը Հայաստանում պատմական քաղաքների հետազոտությամբ է զբաղվում: Ուսումնասիրում է հին Երևանը, Գյումրին:  Այդ քաղաքների մասին երկու գիրք է գրել, որոնք հրատարակվել են Հայաստանում: Նրան հատկապես հետաքրքրում են այն շինությունները, որոնք կառուցվել են առանց ճարտարապետների, սովորական վարպետների, քաղաքացիների ջանքերով: Ըստ Իվանովի՝ նման շենքերը շատ են Կոնդում, Հին Նորքում:

«Իմ հետազոտությունների արդյունքում վեր հանած խնդիրները բազմաբնույթ են. ինձ անհանգստացնում է Հին Երևանի ոչնչացումը, որը տեղի է ունենում իմ աչքի առաջ: Շատ հին տներ, որոնք սիրում էի, այլևս չկան: Կարծում եմ՝ քաղաքի կենտրոնում շինարարական քաոս է: Ցավ եմ ապրում, որ հին քաղաքը վերանում է: Հիմա նույն խնդրի առաջ է Կոնդը: Նրան ճնշում են, բայց դեռ դիմադրում է, իսկ Գյումրիում այլ պատկեր է: Այնտեղ հին քաղաքը վերածնունդ է ապրում: Հենց քաղաքացիներն են վերականգնում Գյումրին, զարգացնում՝ այն դարձնելով հետաքրքիր, գրավիչ պատմական քաղաք»,- շեշտեց Անդրեյ Իվանովը:

Ճարտարապետին հետաքրքրում է նաև Արցախը, որտեղ եղել է, սակայն լուրջ հետազոտություններ չի իրականացրել: «Ստեփանակերտը հրաշալի է, գեղեցիկ: Ներկայումս ավելի լավ տեսք ունի, քան տասը տարի առաջ: Շրջել եմ քաղաքի կենտրոնում և ավերածությունների չեմ հանդիպել. ամեն ինչ վերականգնված է, սակայն որոշ թաղամասերում ավերված տներ կան»,- պատմեց Իվանովը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քաղաքաշինության, ճարտարապետության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար, ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանն էլ շատ կարևորեց պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունն ու պահպանումը:

«Մենք ուսումնասիրություններ ենք կատարել Դիզակում, որի պատմական շրջանը մնաց բռնազավթված: Հետազոտությունները թերի են, բայց պարզ է, որ այնտեղ շատ լավ նյութ կար»,- ասաց նա:

 Ըստ Տիտանյանի՝ Արցախի ժառանգության ուսումնասիրման հարցը պետք է լուրջ դրվի, սակայն համագործակցություն կարող է լինել այն դեպքում, երբ ամեն ազգ ու ժողովուրդ տեր է լինում իր ժառանգությանը: «Քանի դեռ թույլ չեն տալիս տեր լինել այդ ժառանգությանը, համագործակցությունը շատ դժվար է լինելու»,- եզրափակեց Մանուշակ Տիտանյանը:

Եռօրյա գիտաժողովի լիագումար նիստին հաջորդող աշխատանքները կազմակերպվելու են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Մասնակիցների առաջարկների, զեկուցումների հիման վրա պատրաստվելու է  հռչակագիր, որը կստորագրվի գիտաժողովի ավարտին:

Գիտաժողովն իրականացնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Այն կազմակերպվել է ՃՇՀԱՀ-ի 100-ամյակի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]