Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կոմիտասյան փառատոնի շրջանակում համերգ-երեկո կազմակերպվեց ՀՀ նախագահի նստավայրում

Կոմիտասյան փառատոնի շրջանակում համերգ-երեկո կազմակերպվեց ՀՀ նախագահի 
նստավայրում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի նստավայրում ելույթ ունեցավ Գերմանիայում բնակվող դաշնակահարուհի Դիանա Սահակյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահակյանը երեկոյին կատարեց Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ մեծ բավականություն պատճառելով ներկաներին:

Մինչ համերգի մեկնարկը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով Կոմիտասի մասին, շեշտեց՝ երբ ասում է Կոմիտաս, մտածում է մեր ազգային ինքնության մասին: «Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում հսկայական ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում, և դրա հիմքում մեր ինքնությունն է, մեր պատմությունն ու ով լինելն են: Ըստ իս՝ ամենամեծ ժառանգությունը, որ թողել ենք աշխարհին, հայ ճարտարապետությունն է, սակայն դժվար է գտնել մեկ հեղինակի, արվեստաբանի, որը կարողանար ամբողջացնել հայ ճարտարապետության պատմությունը: Մեծ անուններ կան՝ Թորոս Թորամանյանից մինչև Վարազդատ Հարությունյան, բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ անել այն, ինչ արեց Կոմիտասը հայ երաժշտարվեստում»,- ընդգծեց Արմեն Սարգսյանն ու հավելեց, որ նույնը կարող ենք ասել նաև գեղանկարչության մասին:

ՀՀ նախագահի հավաստիացմամբ՝ հայ երաժշտարվեստում բազմաթիվ փայլուն երաժիշտներ, կատարողներ, երգահաններ են եղել և կան: «Լավագույններից է Տիգրան Մանսուրյանը, որը մեզ հետ է, բայց, երբ խոսում ենք մեր հայ երաժշտության ակունքների ու հիմքերի, ինքնության մասին, հիշում ենք Կոմիտաս Վարդապետին, որն արեց այն, ինչը ոչ մեկ չկարողացավ անել ճարտարապետության ու գեղանկարչության դեպքում: Կոմիտասը կարողացավ հանճարեղ պարզությամբ փոխադրել մեր ինքնությունը»,- շեշտեց Սարգսյանը:

 Ըստ նրա՝ Կոմիտասն ադամանդ է մեր երաժշտության մեջ իր պարզությամբ, թափանցիկությամբ ու հանճարեղությամբ:

Կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը, որը ներկա էր երեկոյին, կարևորեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կատարած աշխատանքը Կոմիտասի թե՛ կենսագրական տվյալների, թե՛ հրատարակությունների, թե՛ կատարողական արվեստի հանրահռչակման առումով: Նրա խոսքով՝ Կոմիտասի դաշնամուրային գործերը մեր դաշնամուրային գրականության զարդն են: «Այն փոքրիկ ժողովածու է, որը շատ նշանակալի է ու ամբողջ համաշխարհային դաշնամուրային գրականության մեջ առանձնանում է արտակարգ նրբահյուսությամբ»,- ասաց մաեստրոն՝ վստահեցնելով, որ Դիանա Սահակյանն ըստ արժանվույն կկատարի Կոմիտասի դաշնամուրային պարերը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի կարծիքով, Կոմիտասի պատմական դերակատարությունը և նրա ինքնութենական նշանակությունը հայ ժողովրդի համար ենթադրում է իր ժառանգության արժևորում պետական ամենաբարձր մակարդակով: «ՀՀ նախագահի վերաբերմունքը մեր ձեռնարկին և նախագահի նստավայրում դաշնամուրային երեկոյի կազմակերպումը մեր ինքնության այդ մեծ խորհրդանիշի՝ Կոմիտաս երևույթի հանդեպ պետական ամենաբարձր հովանավորության նշանակն է»,- շեշտեց Կոստանդյանը:

 Նա հիշեցրեց, որ փառատոնն ավանդաբար մեկնարկում է սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրը: Այս տարի այն մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ: Նիկոլայ Կոստանդյանը հավելեց, որ նախատեսվում է գիտաժողով, որը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին: Կոստանդյանի խոսքով՝ գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից է Կոմիտասի ժառանգության և առհասարակ հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի կազմակերպման գործում իրենց աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու Հանրային հեռուստաընկերությանը, որը հեռարձակելու է բոլոր համերգային ծրագրերը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am