Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է Հայաստանի տաղավարը

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում  բացվել է Հայաստանի 
տաղավարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄԷ Դուբայ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է համաշխարհային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հայտնելով որ աշխարհի ավելի քան 190 երկրների ներկայացուցիչների հետ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։

Հոկտեմբերի 1-ին Էքսպո քաղաքն իր դռներն է բացել նաև միլիոնավոր այցելուների առջև։

«ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որն առաջինն այցելել է Հայաստանի պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը ներկա էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը։ Վահան Քերոբյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել հայկական տաղավարով։

Հայկական տաղավարում նախարար Քերոբյանը հյուրընկալել է նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդիին։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանն իր արաբ գործընկերոջը ծանոթացրել է հայկական տաղավարին, պատմել «էթնոթեք» կոնցեպտի մասին, որով Հայաստանը ներկայանում է այս էքսպոյում, ներկայացրել տեխնոլոգիական ու թվային լուծումները և դրանց կիրառությունը (AR և VR գոտիներ), զբոսաշրջության հատվածը, ինչպես նաև ցուցադրված մշակութային ցուցանմուշները, որոնք Դուբայ են տեղափոխվել Հայաստանից։  

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում ավելի առարկայական քննարկելու անելիքները։

Նախարար Քերոբյանը խոսել է նաև Էքսպոյի թեմատիկ շաբաթներին և «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության մասին՝ ընդգծելով, որ երկուստեք լավ հնարավորություններ են ստեղծված հայկական բիզնեսն արտահանելու և արաբական գործարար համայնքի  ներդրումները Հայաստան բերելու առումով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, «էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը,  Էկոնոմիկայի նախարարության այլ ներկայացուցիչներ։

Համաշխարհային էքսպոն անցկացվում է հինգ տարին մեկ։ Աշխարհի խոշոր քաղաքներից մեկը վեց ամիս շարունակ հյուրընկալում է բազմաթիվ երկրների։ Առաջին անգամ համաշխարհային ցուցահանդեսն անցկացվել է 1851 թվականին՝ Լոնդոնում, այս տարի, համաշխարհային էքսպոյի պատմության ընթացքում առաջին անգամ, այն կազմակերպվում է արաբական երկրում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am