Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր

Բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բիզնես ներկայացուցիչների հետ երևանյան հանդիպման ժամանակ քննարկվեցին բիզնեսին առնչվող մի շարք կարևոր հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևը, ԵԱՏՄ ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների ներկայացուցիչներ, գործարարներ և բիզնես համայնքի ներկայացուցիչներ։

Բեկետաևը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում։

«Այսօր գործարարների հետ քննարկելու ենք իրենց համար արդիական թեմաներ, որոնց պատասխանները կփորձենք գտնել։ Հակառակ դեպքում, անձամբ հարցերը կբարձրացնեմ Մոսկվայում՝ համապատասխան մարմինների մոտ»,- նշեց Բեկետաևը։

Խոսելով 2020 թվականին աշխարհում տարածվող կորոնավիրուսային հիվանդության մասին՝ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամը շեշտեց, որ այն շատ է անդրադարձել ոլորտի վրա։

«Մենք վերջերս քննարկել ենք պետության պարտքի հետ կապված հարցերը, քանի որ հանձնաժողովի գրեթե բոլոր անդամ-երկրների պարտքն ավելացել է։ Կարծում եմ, սա սովորական իրավիճակ է, և հնարավոր է ամեն ինչ ուղղել, և այսօր էլ էկոնոմիկայի ոլորտում ամեն ինչ դեպի լավն է գնում»,- նշեց Բեկետաևը։


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էլ շեշտեց, որ 2019 թվականից ավանդաբար կազմակերպվում է նման հանդիպում, որի նպատակն է բարձրացնել բիզնեսի կողմից առաջացած առևտրային խոչընդոտների մասին բոլոր հարցերը, որոնց կարգավորումը գտնվում է ԵԱՏՄ տիրույթում։

«2020 թվականին էլ է եղել նման միջոցառում, այժմ էլ՝ մեկ տարի անց, մեր բիզնես-ոլորտը ներկայացնող անձանց մոտ կրկին հարցեր կան կուտակված, որոնց պետք է լուծումներ տրվեն։ Դրանցից են՝ լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև ֆինանսավորման հետ կապված խնդիրները՝ մրցակցային հարցերը։ Պետք է այնպես անել, որպեսզի մրցակցություն չլինի 5 անդամ երկրների միջև, այլ որակյալ արտադրանքի թողարկում ու մրցակցություն մյուս պետությունների հետ»,- ընդգծեց Սիմոնյանը և հավելեց, որ 2015 թվականից ի վեր կայացած հանդիպումների ժամանակ բազմաթիվ խնդիրներ են առաջ քաշվել և լուծում ստացել։

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչ խոչընդոտներ են եղել 2020 թվականին և որքանով են դրանք վերացել ընթացիկ տարում, Էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանեց, որ դրանք տարբեր են լինում, և ընթացակարգ գոյություն ունի։

«Խոչընդոտների հետ կապված հատուկ ընթացակարգ կա՝ բոլոր երկրները ներկայացնում են դրանք, և եթե ԵԱՏՄ մակարդակում դա արձանագրվում է որպես խոչընդոտ՝ հանձնարարական է տրվում կոնկրետ երկրին՝ վերացնել դրանք։ Հայաստանի նկատմամբ նախորդ տարի արձանագրված խոչընդոտներից էր գովազդի մասին օրենքում արտոնյալ դրույթ լինելու հարցը, երբ որոշակի ժամանակահատվածից հետո թույլատրվում էր գովազդել միայն հայկական արտադրության խմիչքները։ Այդ դրույթի պատճառով անհավասար պայմաններ էին ստեղծվում մյուս անդամ երկրների արտադրողների համար։ Օրենսդրական փոփոխություններն արդեն մտցվել են, և խոչընդոտը վերացվել է»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ խնդիրները բազմազան են, յուրաքանչյուր երկիր իր խնդիրն ունի՝ կապված այն բանի հետ, թե արտահանման շուկայում ինչպիսի գործունեություն են ցանկանում իրականացնել։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am