Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Անդրեասյանը Շիրակի մարզում այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Անդրեասյանը Շիրակի մարզում այցելել է հիմնանորոգվող 
ավագ դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Համաշխարհային բանկի «Կրթության  բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող Արթիկի ավագ դպրոց և Գյումրու ակադեմիական վարժարան:

Ինճչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի շրջանակում Արթիկի ավագ դպրոցը և Գյումրու ակադեմիական վարժարանը կապիտալ վերանորոգման են ենթարկվել, հիմնովին նորոգվել են մարզադահլիճները, դասասենյակները, միջանցքներն ու լաբորատոր սրահները, փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, վերանորոգվել են սանհանգույցները, թարմացվել են կումոնալ համակարգերը, ուժեղացվել է նաև շենքերի սեյսմակայունությունը: Առաջիկայում նախատեսվում է դպրոցական հաստատությունները համալրել նոր գույքով և լաբորատոր սարքավորումներով:

«Նախարարի տեղակալը ծանոթացել է կատարված աշխատանքներին, քննարկել նոր գույքի համալրման կազմակերպչական խնդիրները: Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև դպրոցների ուսուցչական անձնակազմերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Ուսուցիչները նախարարի տեղակալին հարցեր են ուղղել կամավոր և պարտադիր ատեստավորման, համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժների պատվաստումների, նոր կրթական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի հիմնանորոգվող դպրոցների ցանկում ընդգրկված է 13 դպրոց: Առաջին փուլում հիմնանորոգվել են 5 դպրոցներ: Երկրորդ փուլի աշխատանքներն ընթացել են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում: Ի սկզբանե նախատեսված 7 դպրոցի փոխարեն մրցույթների արդյունքում խնայված միջոցների հաշվին երկրորդ փուլով հնարավոր է եղել հիմնանորոգման ծրագրում ներառել 8 դպրոց: Աշխատանքներն այժմ շարունակվում են Գորիսի թիվ 1 և Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցներում: Մնացած հաստատություններում բուն շինարարական աշխատանքներն ավարտվել են կամ գտնվում են ավարտական փուլում:

Նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջը, որը երկաթուղային գործի մասնագետներ է պատրաստում և, որպես ՄԿՈՒ մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն, եզակի պրոֆիլային ուղղվածություն ունի: Նախարարի տեղակալը ծանոթացել է քոլեջի ուսումնական հնարավորություններին, քննարկել ուսումնական հաստատության զարգացման հնարավորությունները: Քոլեջի տնօրենը նախարարի տեղակալին տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  հետ, և նրանց աջակցությամբ առաջիկայում քոլեջում նախատեսվում է ուսումնական երկու սրահների բացում:

Այցի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի ուսումնական խոհանոցային սրահի բացմանը:

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]