Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Գրախանութ և սրճարան մեկ վայրում․ Երևանում բացվեց Ռուսական գրքի տունը

Գրախանութ և սրճարան մեկ վայրում․ Երևանում բացվեց Ռուսական գրքի տունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում տեղի ունեցավ Ռուսական գրքի տան բացման արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Ռուսական գրքի տան համակարգող Պավել Ավագյանը, այլք։

Եվրասիական հետազոտությունների հայկական մասնաճյուղի ղեկավար, Ռուսական գրքի տան համակարգող Պավել Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուսական գրքի տունը միայն գրախանութ չէ, այլև բազմաֆունկցիոնալ կենտրոն։

«Այսպիսի կենտրոններ ԱՊՀ մի քանի երկրում վաղուց կային, այժմ կլինի նաև Երևանում։ Այստեղ աշխատանքային ժամերը կլինեն այնպես, որ երեկոյան ուշ էլ մարդիկ կկարողանան այցելել և օգտվել սրճարանից, վերցնել իրենց սիրելի գիրքն ու ընթերցել այն այս ջերմ միջավայրում։ Ցանկության դեպքում մեր այցելուները կարող են նաև գնել այստեղի գրքերը»,- նշեց Ավագյանը և հավելեց, որ կենտրոնում կկազմակերպվեն նաև գրքերի շնորհանդեսներ։

Ներկայում կենտրոնում կա 2 500 անուն գիրք, որոնց հիմնական մասը ռուսերեն է, երկու օրից համալրում տեղի կունենա՝ կավելանան նաև հայերեն գրքեր։  Ռուսական գրքի տանը կան համաշխարհային գրողների թարգմանված գրքեր, ժամանակակից ռուս գրողների գեղարվեստական, տարբեր հեղինակների՝ պատմությանը, փիլիսոփայությանն առնչվող գրքեր, ինչպես նաև մասնագիտական գրականություն։

 Դմիտրի Վոլվաչն ընդգծեց, որ ռուս-հայկական հարաբերությունները դարավոր բարեկամության հիմքեր ունեն։

«Այդ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են, տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի է ընդլայնվում։ Ռուսաստանում 1,7 մլն հայ է բնակվում, որոնցից 1 միլիոնից ավելին ՌԴ քաղաքացիներ են։ Մեր երկրներն ու ժողովուրդները պատմությամբ են կապված»,- նշեց Վոլվաչը։ Նա նաև նշեց, որ ՀՀ-ում գործում են ռուսական առաջատար համալսարանների մասնաճյուղեր՝ Մ․ Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Գ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաև համատեղ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը։

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ասաց, որ ռուսերենը գիտության, գիտելիքի և բարձր արժեքների լեզու է։

«Մեր քայլերը պետք է միտված լինեն նրան, որպեսզի այդ ամենը մշտապես մեկ տեղում լինեն՝ իրար հետ։ Ցանկանում ենք Ռուսական գրքի տանը բարգավաճում, որպեսզի կարողանա բարություն ու լույս տարածել մարդկանց շրջանում»,- նշեց Դարբինյանը։ 

Նա կենտրոնին նաև գիրք նվիրեց, որն առնչվում էր ռուսական պատմությանը։

 Ռուսական գրքի տունը բացվել է բարերար Մհեր Ավետիսյանի հովանավորությամբ։

Երևանում Ռուսական գրքի տունը ոչ պետական մշակութային կենտրոն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի հովանավորների ու հասարակական կազմակերպությունների ջանքերով։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]