Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ինքը պետք է պատասխանի՝ ի՞նչ կարող է անել ՀԱՊԿ նախագահողի դերում. Ալեքսանդր Խրամչիխին

Հայաստանն ինքը պետք է պատասխանի՝ ի՞նչ կարող է անել ՀԱՊԿ նախագահողի 
դերում. Ալեքսանդր Խրամչիխին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ ՀԱՊԿ-ում հարաբերությունները շարունակում են ուղղահայաց մնալ, իսկ նախագահությունը կազմակերպությունում ֆորմալ բնույթ է կրում շատ օբյեկտիվ պատճառներով՝ հաշվի առնելով Ռուսաստանի անհամեմատելի կշիռն ու ազդեցությունը: Ուստի, փոխգործակցությունն ու հորիզոնական հարաբերությունները կազմակերպության մեջ զարգացնելու համար լուրջ վերանայումների կարիք կա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը՝ Ալեքսանդր Խրամչիխինը կարծիք հայտնեց, որ Հայաստանն ինքը պետք է պատասխանի հարցին, թե ի՞նչ կարող է առաջարկել իր նախագահության ընթացքում և ի՞նչ կարող է տալ կազմակերպությանը:

«Ինչպես գիտեք, նախագահությունը փոխվում է ռոտացիայի սկզբունքով, բայց թե ինչպե՞ս է յուրաքանչյուր անդամ երկիր օգտագործում այն՝ այդ հարցի հասցեատերը տվյալ երկիրն է: Առայժմ ես չեմ տեսել, որ երկրներից որևէ մեկը առանձնապես օգտվի նախագահության հանգամանքից, առավել ևս, որ դե ֆակտո բոլորն էլ հասկանում են՝ անկախ նրանից, թե ով կլինի ֆորմալ նախագահողը, միևնույն է, իրական նախագահողը ՀԱՊԿ-ում, այսպես թե այնպես, Ռուսաստանն է: Այնպես որ, ի՞նչ կարող է իսկապես անել իր նախագահության ընթացքում հարցին Հայաստանը պետք է պատասխանի»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն մտքին, որ հարկավոր է շարունակել աշխատանքը անդամ երկրների միջև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մոտեցումների համակարգման ուղղությամբ, Ալեքսանդր Խրամչիխինը հիշեցրեց ՀԱՊԿ-ի հիմնական ու գլխավոր խնդիրը՝ այն այդպես էլ չի զարգանում իբրև ռազմաքաղաքական դաշինք, և հորիզոնական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվում անդամ պետությունների միջև: Պատճառը ՀԱՊԿ-ի և առհասարակ հետսովետական տարածքի առաջատար պետության՝ Ռուսաստանի, անհամաչափ կշիռն ու ազդեցությունն է՝ մյուս երկրների հետ համեմատ:

«ՀԱՊԿ-ում կա Ռուսաստանը և կան իր հարաբերությունները մյուս անդամների հետ: Ընդ որում, մյուս անդամների միջև առանձնահատուկ հարաբերություններ չկան: Պատճառն այն է, որ Ռուսաստանի պոտենցիալը ավելի մեծ է, քան մյուս անդամներինը միասին վերցրած: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի ավելի վատ տարբերակն է: ՆԱՏՕ-ում էլ ամենաազդեցիկ երկիրը Միացյալ Նահանգներն է, բայց ՀԱՊԿ-ի պարագայում Ռուսաստանի առանձնահատկությունն այն է, որ մյուս գործոններից բացի՝ Ռուսաստանը նաև տարածքային առումով է կապող օղակ հանդիսանում մյուս անդամ երկրների միջև», - մեկնաբանեց փորձագետը:

Իսկ հարցը, թե ինչո՞ւ չի խորանում փոխգործակցությունը կազմակերպության ներսում, ըստ Խրամչիխինի՝ պետք է առաջին հերթին հասցեագրել Ռուսաստանին:

«Ի սկզբանե ձևավորվել է մի իրավիճակ, որ բոլորն ուզում են, որպեսզի Ռուսաստանն ապահովի իրենց անվտանգությունը, բայց իրենք առանձնապես ոչինչ չեն պատրաստվում անել: Եվ այս առումով ևս նմանությունները ՆԱՏՕ-ի հետ շատ են: Այլ խոսքերով՝ հորիզոնական կապեր չկան, ՆԱՏՕ-ի դեպքում՝ Միացյալ Նահանգներից անկախ, իսկ ՀԱՊԿ-ի դեպքում՝ Ռուսաստանից: Այդ պատճառով անհրաժեշտ է վերանայել այդ ամենը և հասկանալ՝ ո՞րն է այս կազմակերպության գոյության պատճառը և պե՞տք է արդյոք այն շարունակի գոյատևել: Եթե պետք է, ապա ի՞նչ ձևաչափով», - նշեց զրուցակիցը:

Հարցին՝ որքանո՞վ է Հայաստանին անհրաժեշտ ՀԱՊԿ-ի զարգացումը, Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանեց, որ Հայաստանին անհրաժեշտ է իր ռազմական և քաղաքական կապերն առաջին հերթին ամրապնդել Ռուսաստանի Դաշնության հետ:

Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը:

Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում ներկայացրել է Հայաստանի՝ որպես 2021-2022 թթ. ՀԱՊԿ-ում նախագահողի առաջնահերթությունները: Նա, մասնավորապես, առաջարկել է գործընկերներին կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացման ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա:

Փաշինյանն անհրաժեշտ է համարել շարունակել աշխատանքը արտաքին քաղաքական համակարգման և փոխօգնության խորացման ուղղությամբ: Նա կարևորել է միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող համակարգված մոտեցումների մշակումը: Այդ նպատակով Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բազմամակարդակ խորհրդակցությունների պարբերաբար անցկացմանը, այդ թվում` «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով, որի անդամ են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների տեղակալները:

Ըստ վարչապետի՝ Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով:

«Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով համալրել, դրանք ժամանակակից միջոցներով վերազինել և կատարելագործել դրանց ղեկավարումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Արամ Սարգսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am