Հասարակական

Ավագանու անդամի նկատմամբ մահափորձը ոտնձգություն է պետության ու համայնքի նկատմամբ․ Արման Անտոնյան

2 րոպեի ընթերցում

Ավագանու անդամի նկատմամբ մահափորձը ոտնձգություն է պետության ու համայնքի նկատմամբ․ Արման Անտոնյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանը 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ օգոստոսի 1-ին իր դեմ կատարված մահափորձին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անտոնյանը, ում անհայտ անձինք մահակներով, ինչպես նաև դանակով հարվածներ էին հասցրել, նշեց, որ նման գործողությունները հարիր են միայն Հայաստանի թշնամի ազգին։

«Կյանքի ու մահվան կռիվ տվեցի, Աստծո կամքով և հրաշքով ծայրահեղ ծանր վիճակից դուրս եկա և փրկվեցի։ Մեր տուն ներխուժած անձինք վնասել էին նաև ընտանիքիս անդամներին։ Քնած ժամանակ նրանք մահակների բազմաթիվ հարվածներ էին հասցրել հիմնականում գլխիս հատվածում, ապա դանակի 11 հարված հասցրել։ Նման գործողությունները հարիր են միայն թշնամի ազգին»,- նշեց Անտոնյանը։

Նա շեշտեց, որ ավագանու անդամի դեմ մահափորձը, որն իրականացվել է իր մասնագիտական գործունեության համար՝ ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի նկատմամբ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առողջություն մաղթեց Անտոնյանին և հույս հայտնեց, որ նույն թափով կշարունակի գործունեությունը։

Օգոստոսի 1-ի գիշերը ժամը 1։00-ի սահմաններում, դիմակավորված և զինված անձանց կողմից Անտոնյանը դանակահարվել էր։ Դանակի 11 հարված ստացած ավագանու անդամին ծայրաստիճան ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում