Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի 
կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս Շուշիում արած հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ հայտարարությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են, նացիզմի և ահաբեկչության դրսևորում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ նախ և առաջ պետք է շնորհակալություն հայտնել Ալիևին նման հայտարարությունների համար, որովհետև դրանցով նա ցույց է տալիս իրենց բուն նպատակները: «Պետություններն ահռելի գումարներ են ծախսում թշնամու նպատակներն իմանալու համար, բայց այս մեկը առանց որևէ բանի ասում է: Ես բազմիցս ասել եմ՝ Ալիևը ամենաազնիվ թշնամին է. երբեք չի թաքցրել իր նպատակները: Իհարկե, այն, ինչ ասում է Ալիևը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, նացիզմ է, ահաբեկչություն է, և մենք պետք է երբեք իրականությունից չկտրվենք, հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Այդ բոլոր հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք Ադրբեջանի կազմում չե՛նք լինելու երբեք: Իսկ թե ինչ է ինքն ասում՝ իր գործն է: Կարևորը՝ մենք կարողանանք ապաքինվել և մեր սերունդների համար ստեղծենք հուսալի ապագա», - «Արմենպրես»-ին ասաց Արցախի արտգործնախարարը:

Օգոստոսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Շուշի քաղաքում և անդրադառնալով 2020 թ. աշնանը Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական զինուժի իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիային, մի շարք հայատյաց և ատելություն պարունակող հայտարարություններ էր արել: Մասնավորապես ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հասկացություն գոյություն չունի»: Նաև խոսել էր այն մասին, որ մինչև պատերազմը ԼՂՀ իշխանությունները պատրաստվում էին ԼՂՀ Ազգային ժողովի նոր շենք կառուցել Շուշիում: Բաքվի բռնապետն այդ շինությունը անվանել է «սատանայի որջ»՝ ասելով, թե իր հրամանով այն ամբողջությամբ ավերվել է:

Ալիևի կարծիքով՝ «իրադարձությունների ներկայիս ընթացքը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և միջազգային դերակատարների գործողությունները ցույց են տալիս, որ [Լեռնային Ղարաբաղի] հարցը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով»: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Ավնտանգության խորհրդի բանաձևերը, «պատմական արդարությունը», իրավունք են տվել Ադրբեջանին հարցը լուծել ռազմական ճանապարհով, եթե այն չլուծվի խաղաղ ճանապարհով: Մինչդեռ մասնագետներն ասում են, որ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի 4 հայտնի բանաձևերը նման բան չեն ենթադրում և կոնֆլիկտները ռազմական ճանապարհով լուծելու իրավունք չեն տալիս միջազգային իրավունքի որևէ սուբյեկտի:

 

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am