Կանխվել է դեղորայքի ապօրինի ներմուծման դեպք
2 րոպեի ընթերցում
![Կանխվել է դեղորայքի ապօրինի ներմուծման դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061248.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում գտռնվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի նախաքննության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երևան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ:
Այնուհետև, որոշակի չափով գումարի վճարման խոստումով, հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները և հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ և իրացմամբ:
ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների և ԱԱԾ ծառայողների սերտ համագործակցության արդյունքում հստակեցվել են վերը նշված անձանց կողմից պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները և ամենօրյա համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխել դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը և հետագայում դրանց շրջանառությունն, ինչպես նաև՝ այլ կենցաղային իրեր, որոնք ներմուծվելուց հետո նույնպես հայտարարագրված չեն եղել:
Նախաքննությունը շարունակվում է: