Քաղաքականություն

Առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է. Կնյազ Հասանովն ԱԺ նիստը բացեց միասնականության կոչով

2 րոպեի ընթերցում

Առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է. Կնյազ Հասանովն ԱԺ նիստը բացեց միասնականության կոչով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը նախագահող, ՔՊ-ից Կնյազ Հասանովը նիստը բացեց միասնական և հանդուրժող լինելու կոչով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հասանովն այս մասին ասաց նիստի բացմանը:

Հասանովը նախ նշեց, որ հպարտ է, որ որպես տարիքով ավագ պատգամավոր իրեն հնարավորություն է ընձեռվում ինչպես 6-րդ, 7-րդ, այնպես էլ 8-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանը բացել: «Երևի իմ տարիքն ինձ հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ: Ես խնդրում և հորդորում եմ իմ եղբայր հայ պատգամավորներին լինել միասնական, միմյանց հանդուրժող, որովհետև այստեղ ներկա բոլոր պատգամավորների համար առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումն ու հզորացումը և ամենակարևորը՝ հայի պատիվը: Ուստի խնդրում եմ՝ եկեք բարձր պահենք այդ պատիվը: Դիմադիր և ընդդիմադիր հասկացողությունը պահենք չափի մեջ, լինենք միասնական, միմյանց նկատմամբ հարգանքով և անենք ամեն ինչ՝ Հայաստանը պահելու ավելի բարձր կարգավիճակում»,-ասաց Հասանովը:

Նա հորդորեց անհիմն գործողություններով չթուլացնել երկիրը՝ նկատելով, որ որքան թույլ լինենք, հակառակորդն իրեն այնքան հզոր և համարձակ կզգա: «Ուստի խնդրում եմ ձեզ եկեք մեր պահվածքով և վարքագծով մեզ չթուլացնենք, լինենք հզոր: Հզոր մարդը և նրա պահվածքը վախեցնում է թշնամուն և հանգեցնում հաղթանակների»,-ասաց նա ու հորդորեց լինել միասնական, մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները, հասնել Հայաստանի հզորացմանը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն որպես տարիքով ավագ պատգամավորը 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը հայտարարեց բացված: Հնչեց ՀՀ օրհներգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում