Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

«Անանկենդան». երիտասարդ գրող Ջեսահն ընթերցողներին է ներկայացրել անդրանիկ վեպը

«Անանկենդան». երիտասարդ գրող Ջեսահն ընթերցողներին է ներկայացրել անդրանիկ 
վեպը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երիտասարդ գրող Գևորգ Սահակյանը, որը ընթերցողներին է ներկայանում Ջեսահ գրական կեղծանվամբ, հանրության լայն շրջանակի դատին է հանձնել «Անանկենդան» վեպը, որը գրողի առաջին հրատարակված ստեղծագործությունն է:

«Արմենպրես»-ի թղթակիցը Ջեսահի հետ հաղորդակցվելու, գրքի շուրջ զրուցելու հնարավորություն ունեցավ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում, որը մեկնարկել է հուլիսի 31-ին:

«Անանկենդան» վեպն սկսել եմ գրել 2018 թվականից: Յոթ կամ ութ ամսում եմ վերջացրել, սակայն ավելի քան երկու տարի գծագրում էի այն: Անհրաժեշտ էր սյուժետային գիծը պահելու համար  այն մասերի բաժանել, հետաքրքիր լուծումներ գտնել: Հերոսը պետք է հայտնվեր մի վայրում, որտեղ նրան հնարավոր չէր լինի գտնել»,-նշում է գրողը:

Ջեսահը կարծում է, որ վեպը կարող է դուր գալ և՛ պատանիներին, և՛ հասուն ընթերցողին: «Կարող ես այնպես գրել, որ ընթերցողների լայն շրջանակը կարդա, բայց գիրքը չկորցնի իր գեղարվեստական արժեքը: Գուցե ժամանակի ընթացքում կարծիքս փոխեմ, բայց հիմա այդպես եմ մտածում»,-ասում է նա:

Ջեսահը վստահեցնում է՝ երբեմն գրողի ներսում մաղձ է կուտակվում, որը կարող է լավ գրականություն դառնալ: Ըստ նրա՝ եթե այն ինչ-որ կերպ չարտահայտես, հնարավոր է՝ թույնը մնա: «Ավելի լավ է գրել և ձերբազատվել դրանից: Պատահում է, որ հետդ «կեղտոտ» դեպք է լինում, որին հետո ցանկանում ես գրական լուծում տալ: Գրում ես  ու  մոռանում: Հետո ընթերցում ես, զարմանում, որ դու ես նման բան գրել: Ափսոսում ես մոռանալ»,-պատմում է գրողը:

Ջեսահն առաջին անգամ 20 տարեկանում է ստեղծագործել: Խոստովանում է՝ ուղարկել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին, որն այն հավանության չի արժանացրել: Երկար ժամանակ Ջեսահը պարզապես շատ է ընթերցել, երբեմն-երբեմն ստեղծագործել: «Երբ գրեցի «Անանկենդանը» և երկար աշխատեցի այս ստեղծագործության վրա, այն ուղարկեցի Արքմենիկին: Նա հավանեց. հաճելիորեն զարմացած էի»,-անկեղծանում է նա:

Անդրադառնալով գրքի վերնագրին՝ Ջեսահը նշում է, որ այն անմիջական կապ ունի հերոսի ապրումների հետ ու ամփոփում է ամբողջ վեպը: «Ո՛չ կենդանի ես, ո՛չ մեռած. բառը հենց գրելու ընթացքում ծնվեց: Իրադարձություններն այնպես էին զարգանում, որ անհրաժեշտ էր գտնել համապատասխան բառ, որը կնկարագրի հերոսի հոգեվիճակը»,-ասում է Ջեսահն ու հավելում, որ իրեն ճանաչողները գրքում կգտնեն հենց իրեն:

Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, և ինչքան դժվար է փոքր քաղաքում  աննկատ մնալ,  նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել: Գլխավոր կերպարն անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով.  մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում նրա բոլոր երազանքների վրա:  Պայքար, որ դառնում է գերագույն նպատակ, պայքար, որ փոխում է կերպարի էությունը, և պայքար,  որ բացահայտված  ստի արդյունքում վերածվում է դեպրեսիայի, ապագան դիմավորելու արդարացման փնտրտուքի: Հերոսն անցնում է  այս ամենի միջով ու դառնում, ըստ էության,  նոր մարդ՝ անանկենդան:

Գիրքը հրատարակել է «Անտարեսը»: Խմբագիրն Արքմենիկ Նիկողոսյանն է:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]