Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վանքի ձորակը նորից հյուրընկալում է Արցախ ժամանողներին

Վանքի ձորակը նորից հյուրընկալում է Արցախ ժամանողներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի զբոսաշրջային քարտեզում հինավուրց Վանք բնակավայրը՝ Գանձասարի վանական համալիրով, պատմամշակութային շրջակա հուշարձաններով ու կուսական անտառներով, միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել եւ գրավել օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը: Վանքի զբոսաշրջային երթուղին հատկապես բանուկ դարձավ արցախյան առաջին ազատամարտից հետո, երբ հրադադարի պայմաններում վերականգնվեցին ենթակառուցվածքները, եւ ավերված գյուղը շունչ առավ: Ձորակը հիմնովին վերափոխվեց, եւ տեսարժան վայրը զբոսաշրջային համալիրի վերածվեց Արցախի նվիրյալ զավակ, մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի շնորհիվ: Առաջին հերթին վերակառուցվեց եւ ասֆալտապատվեց Գանձասար տանող ճանապարհը, տասնյակ տարիներ անց առաջին անգամ հիմնանորոգվեցին եկեղեցին ու վանական համալիրը, գյուղամերձ տարածքում կառուցվեցին հյուրանոցներ, կենցաղսպասարկման կետեր, ժամանակակից դպրոցի շենք եւ ենթաշրջանային հիվանդանոց, ճարտարապետական ուշագրավ լուծումներով շենք-շինություններ, հուշարձաններ, ռեստորաններ, բացօթյա համերգասրահ… Իսկ «Տիտանիկ» ռեստորանային համալիրի շահագործումից հետո զբոսաշրջիկների այցը դեպի Վանքի ձորակ եւ մասնավորապես նորոգ վանական համալիր ավելի հաճախակի դարձավ:

Ով թեկուզեւ մեկ անգամ հնարավորություն էր ունեցել լինելու հանգստի գոտում եւ հյուրընկալվելու, ձգտում էր արտերկրից ընտանիքով կամ մերձավոր բարեկամներով, ընկերներով այցելել զբոսաշրջային այդ պահանջված վայրը եւ վայելել հրաշք, անկրկնելի բնության ու հուշարձանների հմայքը: Ցավոք, 44-օրյա պատերազմի հետեւանքով, ի թիվս տնտեսության մյուս ճյուղերի, խիստ տուժեց եւ զբոսաշրջությունը, որը հատկապես վերջին տարիներին զգալի եկամուտներ էր ապահովում: Բնականաբար, կրճատվեց եւ օտարերկրացիների հոսքը Վանքի համալիր: Իսկ ամառային շրջանում խնդիրն անտեսելը եւ զբոսաշրջային երթուղին չվերականգնելն առնվազն անմտություն կլիներ ոլորտի պատասխանատուների համար:

Այս մտահոգությունը գիտակցելով էլ զբոսաշրջությունն աշխուժացնելու փորձ կարելի է դիտարկել Նարեկ եւ Գեւորգ Թորոսյանների ձեռնարկումը Վանքի ձորակում: Նրանց ուժերով լիովին վերանորոգվել եւ կահավորվել են հյուրանոցներն ու ռեստորանային համալիրը, եւ տրվել է զբոսաշրջային երթուղու վերաբացման մեկնարկը: Նարեկը տեղեկացնում է, որ նախկինում գործող հյուրանոցային տնտեսությունները (հյուրատներ) արդեն հյուրընկալում են Արցախ այցելած զբոսաշրջիկներին, եւ նրանց տրամադրության տակ է նորոգ «Տիտանիկը» իր ավանդական ճաշատեսակներով, արցախյան հայտնի թեյերով ու հյութերով: Իսկ Գեւորգը խոստանում է գեղատեսիլ բնության գրկում անմոռանալի, տպավորիչ ձիարշավներ եւ վրանային ճամբարներ կազմակերպել զբոսաշրջիկների համար:

Գաղտնիք չէ, որ Արցախում այցելուների ամենապահանջված վայրը մնում է Գանձասարի վանքը, ուր ամեն օր հարյուրավոր ուխտավորներ են բարձրանում՝ մոմ վառելու եւ աղոթք հնչեցնելու համար…                                                 

 Դ.  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]