Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ընթանում են Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքի պեղման աշխատանքները

Ընթանում են Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքի պեղման 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում գտնվող Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքում իրականացվում են հուշարձանների՝ փլատակներից մաքրման և պեղման, ինչպես նաև չափագրման ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ սահմանված կարգով մրցույթ էր հայտարարվել Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի նախագծման, չափագրման և վերականգնման աշխատանքների իրականացման համար։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթի հաղթող ճանաչված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից: Այժմ ընթանում են հնագիտական ուսումնասիրությունների և պեղման աշխատանքներ:               

Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրը կառուցվել է X-XIII դդ․ և գտնվում է Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք՝  Մարց գետի ձախակողմյան ձորալանջին՝ անտառի մեջ։ Այն կառուցվել է ի հիշատակ հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից, մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից, ձիթհանից և դեպի վանական համալիր տանող կածանի ճանապարհին գտնվող խաչքարերից  ու բնական աղբյուրից։ Վերջինս հայտնի է նաև «Գիքորի աղբյուր» անվամբ՝ համաձայն «Գիքոր» ֆիլմում աղբյուրից ջուր խմելու տեսարանի: Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիներն իրար կից են։

Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ Բարձրաքաշ վանքի կառուցումը Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարզպանը սկսել է Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի օրոք:

Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով։

Վանական համալիրը մասնակիորեն նորոգվել է 1939 թ., մաքրման, պեղման  աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին: Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրը 2014 թ. ներառվել է  «Եվրոպա Նոստրա» առավել վտանգված 11 հուշարձանների ցանկում:

2016 թ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով մշակվել է տեղահանված, տեղաշարժված քարերի ապամոնտաժման, հաշվառման, փաստագրման նախագիծը, որով նույն տարում  իրականացվել են համապատասխան աշխատանքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am