Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Կառլեն Մարգարյանը պատվով է ներկայացրել Հայաստանը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում

Կառլեն Մարգարյանը պատվով է ներկայացրել Հայաստանը «Սլավյանսկի բազար» 
միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սլավյանսկի բազար» մանկական կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է 12-ամյա Կառլեն Մարգարյանը, որի կատարումները հուզել են հանդիսատեսին:

«Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթ-փառատոնը, որն այս տարի տոնում էր 30-ամյակը, 2021-ի մրցույթի արդյունքներն ամփոփել է հուլիսի 19-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը նշել է, որ մրցույթը, թեև համավարակի պայմաններում, բայց կազմակերպված է եղել շատ բարձր մակարդակով։

«Արդեն ասել ենք, որ այս տարի Հայաստանը մասնակցում էր միայն փոքրերի մրցույթում, որտեղ հանդես եկավ «Տրիո» ստուդիոյի սան Կառլեն Մարգարյանը։ Երևանում մենք երկար ու բավականին լուրջ աշխատանք ենք տարել Կառլենի հետ։ Նրա հետ վոկալային աշխատանք է կատարել երգչուհի Անահիտ Շահբազյանը:  Ամեն ինչ գեղեցիկ ու ճիշտ  է մատուցվել։  Ես, որպես պատվիրակության ղեկավար և «Սլավյանսկի բազար»-ում  երկար տարիների ներկայացուցիչ, կասեմ, որ Կառլենը փայլուն ելույթ է ունեցել։ Առաջին օրը անգամ հուզվել ենք  «Հայաստան» ստեղծագործության կատարման ժամանակ»,-պատմում է Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ ընկճված չեն զգում, քանի որ ունեցել են փայլուն ելույթներ և ոչ մի ձախողում։

 «Մեր տղան պատվով կատարել է բոլոր խնդիրները։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Տրիո» ստուդիոյին, իմ լավ ընկերներ Գրիգոր Դանիելյանին և Հռիփսիմե Ելինյանին»,-շեշտում է Կիրակոսյանն ու հավելում, որ դեռ շատ ենք լսելու Կառլենի մասին, քանի որ նա  մեծ ապագա ունեցող արտիստ է։

Երգչուհի, Կառլեն Մարգարյանի վոկալի ուսուցչուհի Անահիտ Շահբազյանի վստահեցմամբ՝ Հայաստանի մասնակիցը երկու մրցութային օրերին ներկայացել է պատվով և  գերազանց։

«11  տարի առաջ ես եմ մասնակցել այս մրցույթին, իսկ 11 տարի անց արդեն իմ աշակերտին՝ «Տրիո» ստուդիայի սան Կառլեն Մարգարյանին ներկայացրի։ Հրաշալի զգացողություններով գնացինք, այնպիսի ապրումներ եմ ունեցել Կառլենի ելույթների ժամանակ, որ կարծես ես երգեի: Դժգոհ եմ արդյունքներից, որովհետև մրցույթի բոլոր պահանջներին համապատասխան պատրաստված, գեղեցիկ, բարձր որակի ելույթ ենք ունեցել, բայց մրցութային տեղ չենք զբաղեցրել: Կառլենը պարզապես դարձավ դափնեկիր։ Ինձ համար դա էր ցավալին, դժվար էր ընկալել։ Հետո փորձեցինք հասկանալ, որ այստեղ քաղաքական կողմ կար, և հենց այդպես էլ դատել էին երեխաներին։ Այս տարին միակն էր, որ երեխաների միավորների հետ կապված շատ անարդարություններ եղան: Իհարկե, կային արժանի մասնակիցներ, որոնք մրցանակակիր դարձան, սակայն Կառլենին ոչինչ չտալն աբսուրդ էր։ Անպայման մեզ հետ բերելու ենք նրա ելույթները և կցուցադրենք հեռուստաընկերություններից մեկով, որպեսզի հայ հանրությունն էլ տեսնի, թե մեր տղան որքան փայլուն է երգել և որքան ճիշտ կլիներ, եթե նա լիներ մրցանակակիրների շարքում»,-ընդգծում է նա:

Անահիտ Շահբազյանը ևս մեկ անգամ նշում է, որ պատվով են ներկայացել, բոլորը Հայաստանի մասնակցի մասին են խոսել, նշել, որ նա ուժեղ է:

«Շեշտեմ, որ սա Կառլենի կյանքում ամենամեծ բեմերից մեկն էր և ամենաառաջին մրցույթն էր։ Շնորհավորում եմ Կառլենին, նա  իսկապես հզոր, հրաշալի հայի պես պահեց իրեն, ինչը մեզ միայն պատիվ է բերում»,-եզրափակեց Շահբազյանը:

Նշենք, որ մրցույթում Գրան-պրիի արժանացել է Կոմեն Վուկովիչը՝ Չեռնագորիայից:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]