Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՔԾ մամուլի ծառայությունն անդրադարձել է Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմի հայտարարությանը

ՀՔԾ մամուլի ծառայությունն անդրադարձել է Առուշ Առուշանյանի պաշտպանության 
կողմի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմի հայտարարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՔԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, Ա. Առուշանյանի պաշտպանության կողմն այսօր մանիպուլյատիվ հայտարարություն է տարածել՝ իբր տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանը, երբ տվյալ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է այլ քննիչ»:

Կարևորելով հանրության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ՀՔԾ մամուլի ծառայությունն անհրաժեշտ է համարել հայտնել, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 10-ին քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել Խ. Մեջլումյանը, ով նույն օրը քրեական գործն ընդունել է վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հավելել է, որ  Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրվա դրությամբ Խ. Մեջլումյանի՝ քննչական խմբի ղեկավար հանդիսանալու հանգամանքի մասին են վկայում քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերը, այդ թվում՝ քննչական խումբ կազմելու մասին որոշումը մեղադրյալին և պաշտպաններին ծանոթացնելու մասին 2021 թվականի հուլիսի 15-ին կազմված արձանագրությունը, որի վրա առկա են վերջիններիս ստորագրությունները: «Ուստի անհերքելի է, որ Ա. Առուշանյանի պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:

Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ընդամենը հանրությանն ապակողմնորոշելու և քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք»,- ասվում է ՀՔԾ մամուլի ծառայության պարզաբանման մեջ:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am