Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղագիտության ազգային կենտրոնի սաների շուրջ 200 աշխատանք ներկայացվեց մեկ հարթակում

Գեղագիտության ազգային կենտրոնի սաների շուրջ 200 աշխատանք ներկայացվեց մեկ հարթակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ՏոպոԳրաֆիա» ցուցահանդեսի շրջանակում ընդգրկված է Գեղագիտության ազգային կենտրոնի երևանյան և մարզային ստորաբաժանումների ներքո գործող մասնագիտական արվեստանոցների սաների՝ վերջին տարիներին ստեղծած շուրջ 200 աշխատանք։ Բազմաբովանդակ գեղանկարները պատմում են հայրենի բնաշխարհի, երեխաների երևակայական աշխարհի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում: Երևանից, Մեղրիից, Գորիսից, Վանաձորից, Սևանից մասնակից երեխաներին հնարավորություն տրվեց ոչ միայն ցուցադրել արդեն պատրաստ նկարները, այլև ստեղծագործել տեղում:

Կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանն ասաց՝ ուրախ է, որ մարզային ստորաբաժանումների և՛ սաները, և՛ ղեկավարներն են միացել ցուցադրությանը: «ՏոպոԳրաֆիա թարգմանաբար նշանակում է տեղագրում: Փորձել ենք ներկայացնել կենտրոնի հատկապես գեղանկարչության բոլոր ուղղություններն ու ցույց տալ, թե երեխաներն ինչ արդյունքների են հասել հատկապես վերջին երկու, երեք տարվա ընթացքում»,-նշեց նա:

Բադալյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կայացման գործում: Նա հույս ունի, որ ցուցասրահում ներկայացված բոլոր վառ գույներն  իրենց արտացոլանքը կթողնեն մեր կյանքում:

Վանաձորի մասնակից Էլիզա Տեր-Մովսիսյանը կես տարի է, որ հաճախում է կենտրոն, սիրում է իր դասընթացներն ու նշում, որ շատ բան է սովորել այդ կարճ ժամանակում: Խոսելով իր նկարի մասին՝ ասաց, որ  այն մի քանի մասից է բաղկացած: «Առաջին հատվածում ներկայացրել եմ փոքր երեխայի, որն իր առաջին քայլերն է անում, հետո խաղում է ընկերուհու հետ, դպրոց է հաճախում, հետո  զբաղմունք է գտել ու պարում է, հետո զբոսնում ընկերուհու հետ, իսկ վերջին հատվածում պատկերել եմ, թե ինչպես է ավարտել դպրոցը»,-պատմեց Էլիան: Նա նշեց՝ ավելի ուշ հնարավոր է՝ ներկայացնի հերոսուհուն արդեն համալսարան ընդունվելիս:

Էլիզան վստահեցրեց, որ ապագայում նկարչուհի է դառնալու:

Գորիսից Երևան ժամանած Լիա Հովսեփյանը հինգ տարի է՝ կենտրոնի սան է: Խոստովանեց, որ շատ-շատ է սիրում նկարել, իսկ ցուցահանդեսում նատյուրմորտ է ներկայացրել: «Սիրում եմ ծաղիկներ ու վառ գույներով եմ նկարում, որ շուրջս  միշտ լավ տրամադրություն լինի: Շատ եմ նկարում բնանկարներ, բայց փորձել եմ նաև դիմանկար նկարել: Ստացվել է»,-ընդգծեց Լիան ու հավաստիացրեց, որ մասնագիտանալու է նկարչական բնագավառում:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 20-ը: Յուրաքանչյուր շաբաթ քննարկումներ են նախատեսվում արվեստի շուրջ, որոնց կմասնակցեն մասնագետներ: Քննարկումներից զատ կլինեն միջոցառումներ, որոնց շրջանակում յուրաքանչյուր մարզի ստորաբաժանում կներկայացնի իր գործունեությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am